կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 13:28
Քաղաքական

Օսկանյան-Օհանյան բանակցությունները դեռ շարունակվում են. Ստեփան Մարգարյան

Օսկանյան-Օհանյան բանակցությունները դեռ շարունակվում են. Ստեփան Մարգարյան

Սեյրան Օհանյանը և Վարդան Օսկանյանը հանդիպում և քննարկում ունեցել են, բայց բանակցությունները դեռ չեն ավարտվել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը` պատասխանելով իրենց կուսակցության հիմնադիր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ դաշինք կազմելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասին գնալու մասին հարցին:

«Մենք տարբեր քաղաքական ուժերի, տարբեր անհատների հետ ենք բանակցում, այդ թվում` նաև պարոն Օհանյանի հետ: Մինչև վերջնական եզրակացություն չլինի, մենք որևէ բան չենք կարող հայտարարել, դա միայն մեզնից չի կախված»,- ասաց նա:

Մարգարյանը չցանկացավ կանխատեսում անել` ի վերջո, Օհանյանի հետ բանակցությունները կվերածվե՞ն ընտրական դաշինքի, թե՞ ոչ: «Եթե հանդիպում ու քննարկում եղել է, նշանակում է, որ երկուստեք չի բացառվում դա: Այսինքն` կողմերից որևիցե մեկը չի բացառում դա»,- ասաց նա` հավելելով. «Մի քիչ էլ սպասեք, և վերջնական կհայտարարենք` որևէ բան լինելու դեպքում»:

Ինչ վերաբերում է հարցին` Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում ունեցե՞լ է Վարդան Օսկանյանը,  Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով հանդես գալու առաջարկ արվե՞լ է, Մարգարյանն արձագանքեց. «Անկեղծ ասած` նման տեղեկություն չունեմ, չեմ կարծում, որ այդպիսի բան եղել է: Պաշտոնապես չի հայտարարվել, որ նման հանդիպում եղել է, ու չեմ կարծում, որ մասնավոր է եղել»: Նա հավելեց. «Գագիկ Ծառուկյանի հանդեպ մենք բոլորս մեծ հարգանք ունենք, բայց կարծում եմ, որ այդպիսի բան չի եղել: Համենայն դեպս, ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»: