Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի 20-րդ համագումարում կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ հակամարտությանն անդրադառնալով նման հայտարարություն է արել. «Պահն է, վերջապես, գիտակցելու, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հանդես գալ ժողովրդի մեծամասնության, քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը վայելող առաջնորդի, եւ ոչ թե սեփական երկրի ներսում լուրջ խնդիրներ ունեցող թույլ ղեկավարի հանգամանքով։ Իսկ դրա համար ոչ թե պետք է էժանագին «հայրենասիրական» հոխորտանքներով թեւաթափ անել նրան, այլ, ընդհակառակը, խրախուսել կատարելու Ղարաբաղյան կարգավորման վճռական քայլը։ Այլապես, բանակցությունների ընթացքում նրա փաստարկների հետ ոչ ոք հաշվի չի նստի...»
Նա նաև երկու զգուշացում է արել. «Առաջին. Արտաքին սպառնալիքների դիմակայման եւ ներքին կայունության ապահովման հարցերում իշխանություններին զորավիգ կանգնելու մեր սկզբունքային դիրքորոշումն ամենեւին վարչախմբի հետ համագործակցություն չի նշանակում։ Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողա-կան քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի։
Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել։
Եւ երկրորդ. Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին եւ հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի եւս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։
Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի։ Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիեւին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաեւ սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւը»։