Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», «Էներգետիկայի մասին», «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթները, որոնք ենթադրում են էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության իրագործում:
Կառավարության նիստից հետո էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն առավել մանրամասն ներկայացրեց օրենքների նախագծերը: Ըստ նրա` ամեն ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք է ստանում իր տան տանիքին տեղադրել արևային պանելներ և արտադրած էներգիան վաճառել ՀԷՑ-ին` ազատվելով բոլոր տեսակի հարկային, լիցենզավորման խոչընդոտներից: Դրանով զարկ է տրվում արևային էներգիայի և էներգախնայողության զարգացմանը: Նախկինում ավելցուկային էներգիան չէին կարող վաճառել ՀԷՑ-ին, իսկ այժմ դա հնարավոր է դառնում:
«Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս, որ սեփական կարիքների համար տեղադրեն արևային պանելներ, ստանան արևային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումը և երկարացնում հետգնումը»,- ասաց փոխնախարարը` հավելելով. «Մենք չունենք հիմա հաստատված սակագին արևային էներգետիկայի համար, բայց դա լինելու է վերջնական սպառողական գնից բարձր»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա կառավարությունը որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, արդյո՞ք դա կապ ունի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամի հետ, փոխնախարարը պատասխանեց, որ համակարգի ճգնաժամի հետ դա կապ չունի, որովհետև կառավարությունը միշտ էլ նախաձեռնել է արևային համակարգի կիրառմանն ուղղված ծրագրեր: