Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Պոլսի հայոց պատրիարքարանը դատապարտել է Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տեղի ունեցած պայթյունները։
Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածած պատրիարքարանը նշել է, որ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է ուղարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ըստ «Ակօս»-ի՝ նամակում Թուրքիայի հայոց պատրիարքարանը դատապարտել է օրեր առաջ Բեշիքթաշում տեղի ունեցած պայթյունները։ Պատրիարքարանի ներկայացուցիչները երեկ մասնակցել են պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի արարողություններին, ծաղկեպսակ դրել պայթյունի վայրում։ Կիրակնօրյա պատարագի ընթացքում աղոթքներ են հնչել միասնության, խաղաղության և հանգստության համար։
Քումգափըի Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագը գլխավորել է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, ով քարոզի ժամանակ խստորեն դատապարտել է Ստամբուլում կատարվածը:
Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը նաև ցավակցական նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին։ «Ստամբուլում տեղի ունեցած և մեր ազգի շրջանում վրդովմունք առաջացրած ահաբեկչական հարձակումը մեր քաղաքացիների, մեծ մասամբ` անվտանգության աշխատակիցների մահվան պատճառ է դարձել։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ցավ ենք ապրում տեղի ունեցածի կապակցությամբ։ Ինչպես միշտ ասել ենք՝ ահաբեկչությունը հարձակում է Աստծո կողմից մարդկանց շնորհված` կյանքի իրավունքի դեմ։ Մարդու կյանքի դեմ ուղղված նմանատիպ շարժումները, ում կողմից էլ որ իրականացվեն, իրավացիորեն դատապարտվել են ողջամիտ մարդկանց կողմից։ Մեր ցանկությունն է, որ անօգուտ և միայն վնաս պատճառող, մարդկության դեմ ուղղված նմանատիպ հանցագործությունները վերջանան։ Որպես Թուրքիայի հայեր՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ միանում ենք մեր երկրի միասնությանը, խաղաղությանն և հանգստությանն ուղղված աղոթքներին։ Զոհված քաղաքացիներին ողորմություն, վիրավորներին էլ շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշված է Արամ Աթեշյանի նամակում։
Հիշեցնենք, որ հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ամիսներ առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ սկանդալային նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ դատապարտելով այդ բանաձևի ընդունումը:
Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Որպես Թուրքիայի հայ համայնք` մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում Ձեր պատվավոր վարչակարգին որոշման վերաբերյալ»: