կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-07 17:05
Հասարակություն

«Նաիրի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում բնակվող փախստականների բնակարանային հարցն առաջիկայում կլուծվի. Լոքյան

«Նաիրի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում բնակվող փախստականների բնակարանային հարցն առաջիկայում կլուծվի. Լոքյան

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրավոր հարց ուներ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ 1988-92թթ. փախստականների բնակարանային ապահովվածության խնդրին վերաբերող: Պատգամավորն առաջարկում է լուծել Երևանի Նորք-Մարաշ շրջանում բնակվող 75 փախստական ընտանիքների հարցը: Նրանք բնակվում են Արմենակ Արմենակյան 21/7 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում: Առաջարկվում է դրանք նվիրել բնակիչներին: Պատգամավորը մեջբերեց նախարար Դավիթ Լոքյանի պատասխանը, որ նման մոտեցում ցույց տալու դեպքում ստիպված են լինելու նույն լուծումը գտնել հանրապետության բոլոր ժամանակավոր կացարաններում ապրողների համար:

«Պարո'ն նախարար, հնարավոր չէ՞ այս 25 տարվա խնդրին լուծում տալ մաս-մաս, ու իմ առաջարկությունը սկսել կիրառել»,- հարցրեց պատգամավորը:

Դավիթ Լոքյանը նշեց, որ պատգամավորի բարձրացրած հարցն արդարացի է, խնդիրը գոյություն ունի. 900 փախստական ընտանիքներ բնակարան չունեն, բայց, ելնելով վերջին տարիների բյուջետային հնարավորություններից, գործը բավական դանդաղ է առաջ գնում:

«Կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ որդեգրել է այդ խնդիրը լուծելու քաղաքականությունը, արդեն մի քանի տարի է` իրականացվում է սեփականաշնորհման գործընթաց, բայց փախստական ընտանիքները դեռ դժվարությամբ են համաձայնում ունենալ հանրակացարանային տարածք` զրկվելով հերթի մեջ լինելու` բնակարան ունենալու նախկին պայմանից: Երկու ամիս առաջ եղավ առաջին սեփականաշնորհումը, 14 ընտանիք դարձավ բնակարանի տեր, որը զբաղեցնում էր, բայց խնդիրը երկակի է` դժվարություն կա մասնավորեցման ու փաստաթղթավորման գործընթացում, դժվարություն կա, որովհետև փախստականները չեն ուզում իրենց կարգավիճակից զրկվել, ունենալ մեկ բնակարան ու դուրս գալ հերթացուցակից: Հարցը քննարկվել է կառավարությունում: Առաջին շենքը տուրիստական ընկերության կողմից մասնավորեցված է, երկրորդ շենքը հատկացվելու է այնտեղ ապրող բնակիչներին: Առաջիկայում ակնկալում ենք այդ հարցի լուծումը»,- ասաց նախարարը: