կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-06 17:55
Քաղաքական

Կարեն Կարապետյանի ինքնավստահությունը գալիս է նախագահի ելույթից. ՀՀԿ-ական

Կարեն Կարապետյանի ինքնավստահությունը գալիս է նախագահի ելույթից. ՀՀԿ-ական

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կարեն Կարապետյանի այն անկեղծ հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցությունը հանգեցրել է իր վարկանիշի անկմանը: Պատգամավորը նշեց, որ այսօր, իսկապես, իշխող կուսակցության նկատմամբ վերաբերմունքն այնքան էլ լավ չէ:

«Աշխարհում չկա մի իշխող կուսակցություն, որի նկատմամբ անմոռաց նվիրվածություն լինի: Այսօրվա վիճակով չպետք է ակնկալել, որ զուտ անունով, անցյալ գործունեությունով կարելի է վարկանիշ ապահովել: Այդ վարկանիշը կմնա մեկ ամիս, ամիս ու կես, երկու ամիս: Ինձ թվում է կոնկրետ արդյունքներով է վարկանիշը երևալու: Ես հավատացած եմ, և Կարեն Կարապետյանի գործունեությունն ինձ հույս է ներշնչում, որ անպայման նրա վարկանիշը կբարձրանա՝ ստեղծված կամ ստեղծվելիք արդյունքների հիման վրա»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Կարեն Կարապետյանի այն ասածին, թե ինքը 2018 թվականին էլ է լինելու վարչապետ, եթե, իհարկե, արդյունավետ աշխատեն, Հարությունյանը նշեց. «Նրա ինքնավստահությունը գալիս է նախագահի ելույթից, և Կարապետյանը վստահ է, որ ունենալու է հաջողություններ: Եթե մարդ վստահ չլինի իր հաջողությունների վրա, չի կարող այդպիսի հայտարարություններ անել: Ինքը վստահ է ոչ միայն իր, այլ նաև իր քաղաքական թիմի վրա և վստահ պատասխանում է՝ 18 թվին լինելու է վարչապետ: Հանրապետության նախագահը կուսակցության 16-րդ համագումարում բացեիբաց ասաց բոլորին, որ հաջողությունների դեպքում Կարեն Կարապետյանը կպահպանի վարչապետի պաշտոնը: Իր աշխատաոճը՝ իր ընդունակություններով, ինձ մոտ ուղղակի հավատ է ստեղծում, որ ինքը հասնելու է խնդիրների լուծմանը»:

Հարցին, թե` չե՞ք վիրավորվում, որ Կարեն Կարապետյանն ասում է՝ ՀՀԿ-ին անդամակցելով` իր վարկանիշն անկում է ապրել, Հարությունյանը պատասխանեց. «Ես ինչո՞ւ պետք է վիրավորվեմ: Պարզապես ասեմ, որ ինքը կարծում է՝ անկուսակցական վարչապետն ունի առավելություններ»: