կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 13:41
Քաղաքական

ՀՀԿ-ն ուրախ է ընդդիմադիր դաշտի միավորման համար

ՀՀԿ-ն ուրախ է ընդդիմադիր դաշտի միավորման համար

Հայտնել ենք, որ երեք կուսակցություններ` «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պետության մեջ 79 կուսակցություն ունենալն անհասկանալի վիճակ է, ուստի շատ ուրախ է, որ միավորվում են:

«Իշխանության ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածներում հնչեցրել են, որ ժամանակն է, որպեսզի մեր շատ ու շատ կուսակցություններ, եթե գոնե որոշակի  ընդհանրություններ ունեն իրենց ապագա հայացքների մեջ, թող միավորվեն»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք ուզում են, որ այդ միավորումները հարատև լինեն: «Իշխանությունն ուզում է, որ այդ միավորումները հարատև լինեն, ոչ թե, ասենք, խորհրդարան մտնելուց հետո մոռանան, որ միավորված  են եկել խորհրդարան, ու խորհրդարանում տրոհվեն մի քանի մասի, կամ մինչև ընտրություններ քանդվեն, ասենք, լիդերության հետ կապված խնդիր առաջանալու պատճառով»,- ասաց Ավետիսյանը:

Նրա խոսքով` սա շատ ուրախալի է, և ժողովրդի համար էլ հեշտ կլինի կողմնորոշվել ապագա ընտրություններում: «Այդքան կուսակցությունների անուններ ո՞նց հիշվեն, առանց այդ էլ այսօր շատ անուններ չեն էլ հիշվում»,- նշեց պատգամավորը:

Ավետիսյանն ասաց նաև, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել` իրենք դաշինքո՞վ են գնալու ընտրությունների, թե՞ միայնակ: Նա հայտնեց, որ դրա համար շատ ժամանակ կա դեռ, րենք քննարկումներ կանեն, հետո կհայտնեն իրենց որոշման մասին: