կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 14:07
Առանց Կատեգորիա

Մուրաբա ստացողների ցուցակը

Մուրաբա ստացողների ցուցակը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը սովետի ժամանակների Կրեմլի հետ կապեր ունի: Բավականին ամուր: Ենթադրում եմ՝ պղնձի լարերով, որ դժվար պոկվեն: Բանն այն է, որ այս կուսակցությունը վստահեցնում է, որ սովետի ժամանակ, ով ավանդ է թողել սովետական բանկերում, հիմա վերադարձնում են, ընդ որում՝ կոնկրետ սկսում են ՀՀ Լոռու մարզի Ջրաշեն համայնքից: Կրեմլից քաշովի հեռախոսով զանգել են կուսակցության գրասենյակի քաշովի հեռախոսին ու կուսակցության աղջկան ասել, թե` գնացեք, ջրաշենցիներին ասեք, որ ավանդները տալիս են, ով ողջ է, թող անուն, ազգանուն, հայրանուն ասի, ցուցակագրեք, ով էլ մեռած է, մահվան վկայականը հարազատները թող ներկայացնեն, եւ այդ տվյալներն էլ գրանցեք: Էհ, մարդիկ էլ, ինչպես տեղեկացնում է Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը, հավատում են, եւ, իրոք, գյուղում ով ողջ է, գնում անուն-ազգանունն է հայտնում «Հայկական վերածնունդ»-ին, ով էլ մահացած է, մահվան վկայականն է հարազատների միջոցով փոխանցում, որ իր թողած ավանդը նրանք ստանան:

Իրականում այս ամենը շատ լուրջ է: Գյուղապետ Ուռուսյանն ամեն դեպքում ահազանգել է, որ իր ղեկավարած համայնքում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, մարդկանց խաբելով, նրանց անունները ցուցակագրում է, մահացածների էլ մահվան վկայականների տվյալներն է ցուցակագրում` պատճառաբանելով, թե սովետի ժամանակվա ավանդները տալիս են: Ջրաշենցիք էլ, դե, պարզ լոռեցի մարդիկ, հավատում են, ասում են՝ անունդ ասա, ասում են, էլի: Կան, իհարկե կասկածամիտներ, ովքեր գնում են, հարցնում գյուղապետ Ուռուսյանին, թե` բա էս ի՞նչ խաբար է, գյուղապետն էլ, ով իրեն հարցնում է, պատասխանում է, որ չկա այդպիսի բան, ու նրանք փրկվում են: Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլորն էլ գնում գյուղապետի մոտ եւ հարցնում, թե` էս ի՞նչ խաբար է: Շատերը գնում են, անունն ասում, իրենց մահացած հարազատների մահվան վկայականները ներկայացնում… «Հայկական վերածնունդն» էլ ուրախությամբ այդ ամենը ցուցակագրում է` դե հիմա, կուսակցություն է, պետք կգա. պետք լինի՝ ընտրությունների ժամանակ կօգտագործեն, պետք լինի՝ որպես կուսակցության մարդաքանակ կներկայացնեն: Հիմա Երեւանում ի՞նչ են իմանում` ջրաշենցի Սիմոնը մահացա՞ծ է, թե՞ ոչ: Անունը կարդում են` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, վերջ, ուրեմն անդամ է…

Անկեղծ ասած`, այս նորությունն իմանալուց հետո ես անձամբ Ջրաշեն չգնացի, բայց պետք է նշեմ, որ շատ հետաքրքրական կլիներ գնալը: Տեսնել, թե մարդիկ ի՞նչ են անում, ասենք` տանը նստած` սպասում են, որ դուռը ծեծեն, իրենք բացեն եւ սովետական բանկում թողած ավանդն իր ոտքով գա՞: Եթե` այո, ապա լավ կլինի փոխարենը Աստվածաշունչ կարդան, քանի որ Քրիստոսը երկրորդ անգամ ավելի շուտ է գալու… Կոնկրետ Ջրաշեն հաստատ ավելի շուտ է գալու:

Բայց այս ամենից զատ այլ խնդիր էլ կա, ավելի ճիշտ` երկու խնդիր: Նախ` միայն Ջրաշենո՞ւմ է, որ «Հայկական վերածնունդ»-ը որոշել է ավանդները վերադարձնել, թե՞ այլ համայքներ էլ կան, եւ երկրորդը` քանի որ մարդկանց անունները եւ նրանց մահացած հարազատների մահվան վկայականների տվյալները ցուցակագրելը համարվում է հանցագործություն կամ դրան մոտ բան, ապա ինչո՞ւ պատկան մարմինները չեն միջամտում: Ըստ գյուղապետ Ուռուսյանի` նրանք գիտեն այս փաստի մասին, քանի որ բոլորի աչքի առջեւ է այս ցուցակագրումը տեղի ունենում: Ուրեմն ինչո՞ւ չեն միջամտում: Տարբերակները երեքն են` կա'մ կոնկրետ Ջրաշենում պատկան մարմինները «Հայկական վերածնունդի» անդամներ են, ինչը քիչ հավանական է, մանավանդ` հիմա, երբ մարդիկ 7000-ներով հանրապետական են դառնում, կա'մ Ջրաշենում պատկան մարմիններ առհասարակ չկան, այլ գյուղում են նստում, ինչը եւս քիչ հավանական է, կա'մ էլ «Հայկական վերածնունդը» նրանց ասել է` սուս մնացեք, որ հեսա ձյունը կա, սպիտակ գիլասի մուրաբա կտանք, մեկ էլ` մարդը մի բանկա հոնի թթվաշ կոմպոտ: Սա ամենահավանականն է:

Մի բան էլ, քանի չեմ մոռացել` եկեք այս ձմեռ` գալիք խորհրդարանական գարնանային ընտրություններից առաջ, հույսներս առաջին անգամ մեզ վրա դնենք ու կոնկրետ մեր մուրաբան ու կոմպոտն ինքներս փակենք: Ոչինչ, որ քիչ կլինի, բայց մերը կլինի:

Հովիկ Աֆյան