Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով:
***
ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում
Սիրելի՛ գործընկերներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի շրջանակներում։ Այսօր մենք ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենանք քննարկելու նախորդ համագումարից հետո ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը, գնահատականներ տալու կուսակցական աշխատանքի բոլոր ուղղություններով ձեռնարկված քայլերին, վեր հանելու թերությունները և առաջ գնալու նոր ազդակներ փոխանցելու կուսակցական մարմիններին ու տեղական կառույցներին։ Հանրապետականն իշխող կուսակցությունն է և պատասխանատվություն է ստանձնել երկրի քաղաքական օրակարգն առաջ տանելու համար։ Ուստի այսօր մենք պետք է ամփոփենք նաև, թե երկրի Մայր օրենքը բարեփոխելուց հետո որքան ենք կարողացել հասարակական-քաղաքական դաշտը պատրաստել խաղի նոր կանոններով գործելուն, որքան է ինքը՝ իշխող կուսակցությունը պատրաստ հարմարվել նորացված Սահմանադրության պահանջներին։
Այժմ՝ ամեն ինչի մասին հերթով։ Նախ՝ մեր կուսակցական աշխատանքների կազմակերպման մասին:
Հանրապետականը շարունակում է հետևողական աշխատանքով քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, բարձրացնել քաղաքական գործընթացների վրա իր ծրագրային նպատակներին համահունչ ազդեցության ավելացման արդյունավետությունը: Միայն այս տարվա ընթացքում կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակն ավելացել է 22-ով: Եղել են նաև կուսակցական օղակներ, որոնք լուծարվել են: Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ մեր շարքերը նաև բավականաչափ զտել ենք ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից:
Ուշագրավ է, որ Հանրապետականի կազմում 18-40 տարեկանների տարիքային խումբն են ներկայացնում մեր կուսակիցների 35 տոկոսից ավելին: Միևնույն ժամանակ, կանայք մեծամասնություն են կազմում և կուսակցականների շուրջ 54 տոկոսն են:
Հանրապետականի մեխանիկական աճը, անշուշտ, մեր նպատակը չէ: Քիչ ջանքեր չենք ներդրել կուսակցական մեխանիզմի արդյունավետ աշխատանքի համար։ Ձեռքբերումներ այս մասով, անշուշտ, ունենք, բայց ինչպես բազմիցս քննարկել ենք, մեր պատկերացրած համակարգից դեռ էապես հեռու ենք։ Հասարակություն-կուսակցության առաջնային օղակներ՝ տեղական կառույցներ կապը թեև վերջին տարիներին ավելի է սերտանում, բայց դեռ էապես անբավարար է մնում խնդիրների և դրանց լուծումների՝ կուսակցության ուղղահայաց աստիճանականությամբ շրջապտույտի արագությունը։ Խնդիր-լուծման տարբերակներ-որոշում-իրականացում շղթան անթույլատրելի դանդաղ է դեռ մեր համակարգում։ Այս դեպքում, կարծում եմ, հարցն ամենևին էլ մեծ կառույցներին բնորոշ բյուրոկրատիան չէ, այլ ավելի շուտ հարցերն առաջ տանելուն կոչված օղակների անհետևողականությունը, եթե կուզեք՝ անգամ անհամարձակությունը։ Նման երևույթների առկայությունն իրոք տեսանելի է։ Գալիք տարիներին առաջին հերթին այս ուղղությամբ ենք առաջ տանելու մեր ներքին կազմակերպական աշխատանքը։
Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը։ Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են։ Չտեսնել դա՝ առնվազն արդար չէ։ Սակայն չի կարելի չնկատել նաև, որ մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա մանրամասն ջանք թափող գործիչներինն է։ Այս տեսանկյունից մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։
Մենք շարունակելու ենք բացահայտել և մեր շարքերում ընդգրկել խոստումնալից և բանիմաց երիտասարդների: Մենք նաև պետք է հետևողական ջանքեր կիրառենք, որպեսզի բարձրացնենք կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում:
Այդ նպատակով դեռ նախորդ համագումարի ժամանակ ես և մեր մի շարք գործընկերներ կարևորեցինք կուսակցության քաղաքական դպրոցի հիմնումը: Այս դպրոցի միջոցով բարձրացնելու ենք քաղաքական և քաղաքացիական կրթության մակարդակը՝ ոչ միայն կուսակցության, այլև ամբողջ երկրի կտրվածքով: Այն պետք է դարձնենք մտավոր աշխատանքի և միջազգային համագործակցության մեր կարևոր հարթակներից մեկը:
Ուրախ եմ, որ Հանրապետականի Գործադիր մարմնի որոշմամբ այս նախաձեռնության մեկնարկն արդեն տրվել է: Մեր լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցն արդեն բացել է իր դռները 100-ից ավելի երիտասարդների համար:
Այս համագումարի օրակարգում նաև ընդգրկված է Հանրապետականի ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Մենք միշտ կարևորել ենք գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Առաջարկում ենք արդիականացնել կուսակցության ծրագիրը՝ ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական և գաղափարախոսական առանցքը: Ծրագրի նախագիծը և առաջարկվող մոտեցումներն արդեն շրջանառվել և քննարկվել են կուսակցության բոլոր մակարդակներում: Այդ գործընթացի ամփոփումը կկատարի այս համագումարը:
Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված և հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է:
Այս առումով՝ պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության և ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում։
Հարգելի՛ գործընկերներ,
Ընդարձակվել են Հանրապետականի կապերն արտաքին աշխարհում: Միջազգային շփումները թույլ են տալիս ծանոթանալ և հետևել քաղաքական գործունեության լավագույն փորձին, տեխնոլոգիաներին և առանձնահատկություններին:
Շարունակել ենք մեր համագործակցությունը «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական միջկուսակցական շրջանակներում: Այդ վերջին կարևոր նախաձեռնության փուլերից մեկը հյուրընկալել ենք Երևանում: Տրամադրված ենք լրջորեն զարգացնելու և խորացնելու համագործակցության այս ձևաչափը: Նաև քննարկում ենք փորձագետների և քաղաքական գործիչների պարբերական հանդիպումների, ինչպես նաև մեր քաղաքական դպրոցների լավագույն շրջանավարտների փոխանակումների ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Լինելով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ՝ մենք լիարժեքորեն ներգրավված ենք եղել այդ ամենախոշոր և ազդեցիկ եվրոպական քաղաքական ընտանիքի գործունեության մեջ: Այս ընթացքում մեր երիտասարդական կառույցն անդամակցել է երիտասարդ ԵԺԿ-ին և Եվրոպայի ժողովրդավար ուսանողների միությանը, իսկ կանանց խորհուրդը դարձել է ԵԺԿ կանանց կազմակերպության անդամ: Հանրապետականը միշտ ներկայացված է եղել ԵԺԿ համագումարներում, գագաթնաժողովներում և քաղաքական համաժողովներում: Անցյալ տարի ԵԺԿ քաղաքական համաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը նվիրված խիստ ու հստակ բանաձև: Այս տարի ընդունված մեկ այլ քաղաքական բանաձևով մեր եվրոպացի գործընկերներն իրենց աջակցությունը հայտնեցին մեզ ապրիլյան պատերազմի օրերին:
Շարունակում ենք նաև մեր աշխույժ շփումները Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ: Նման միջկուսակցական կապերը գալիս են ամրապնդելու հայ-չինական դարավոր բարեկամությունը:
Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այս մասին մենք բազմիցս և հանգամանալիորեն խոսել ենք։ Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները:
Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը:
Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում: Մենք՝ որպես համախոհների թիմ, այդ ընթացքում պետք է հանդես գանք որպես առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ:
Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերևս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Առիթից օգտվելով՝ առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ նրան և մեր նոր կառավարության բոլոր անդամներին ևս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը:
Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն մեր թիմի անդամներին:
Քաղաքական դաշտի շարունակական բյուրեղացման մեկ այլ օրինակ էին տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները: Այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70%-ում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը: Սա իրապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում տեղերում աշխատանքի, մեր կուսակցական ջանքերի արդյունավետության և մեր հետևողականության մասին։ Այո՛, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի վստահության քվեն, սակայն ոչ ամեն գնով: Մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի դիմաց, վստահության և մեր ծրագրերի դիմաց, և ամեն ինչ անում ենք ու անելու ենք, որ այդ քվեին արժանանանք արդար և ազնիվ ընտրական գործընթացի պայմաններում։
Հենց այս համոզմամբ մենք պետք է առաջ ընթանանք դեպի 2017 թվականի գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները: Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ:
Այժմ մեր առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով:
Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում։
Ասեմ նաև, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:
Հարգելի՛ գործընկերներ,
Կառավարության և մեր բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան, իհարկե, մեր տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերկարևորությունը։ Հայաստանի տնտեսության, այսպես ասած, «իմունիտետը» շատ է փոխվել այս տարիների ընթացքում։ Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ։ Հենց այդ՝ անընդհատ ավելացող ամրության պաշարն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել։ Մասնավորապես, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ տվյալներով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8.9 տոկոս աճ (ընդ որում՝ Արևմտյան Եվրոպայում՝ 5.7 տոկոս աճ, Արևելյան Եվրոպայում՝ 17.2 տոկոս աճ), իսկ ԱՊՀ-ում՝ 22.4 տոկոս աճ։ Հայաստանը վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ` միաժամանակ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք երբեմն համեմատվում են նախորդ դարի երեսնականների մեծ դեպրեսիայի հետ։
Այդ պայմաններում մենք կարողացանք ոչ միայն չդոփել տեղում, այլև նոր հորիզոններ բացել երկրի զարգացման համար, փոխել տնտեսության կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի բազմազան, նաև տնտեսության կառուցվածքում էականորեն մեծացնել արտահանումը՝ միաժամանակ կրճատելով ներմուծման ծավալները։ Մասնավորապես, եթե ընդամենը դարասկզբին արտահանելի հատվածի նպաստումը կազմում էր մեր ՀՆԱ-ի աճի մոտ 20-23%-ը, ապա վերջին հինգ տարիներին այն կազմել էր 72%-ը: Եթե 2006 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 985 միլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015 թվականին՝ 1 միլիարդ 485 միլիոն, իսկ այս տարվա 9 ամիսներին՝ 1.3 միլիարդ։ Տնտեսական աճի կառուցվածքի նման փոփոխությունը մի կողմից պարտադրվեց 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի հետևանքով, մյուս կողմից դարձավ Հայաստանի ընտրած տնտեսական քաղաքականության լրջագույն ձեռքբերումը։ Տնտեսական աճի կախվածությունը դրամական փոխանցումներից իր տեղը զիջեց ներքին տնտեսական գործոնների գերակայությանը։
Արդյունքում՝ 2007-2015 թվականներին աշխատողների իրական աշխատավարձն աճեց 39.2 տոկոսով։ Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու արդյունքում, այլև ընդհանրապես և մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի տարիներին գների կայունությունն ապահովելու արդյունքում։ Ցանկացած մասնագետ կպնդի, որ գների կայունությունն ապահովելու տեսանկյունից այս դժվարին տարիներին Հայաստանն այլ երկրների հետ համեմատության առումով փայլուն արդյունքներ է արձանագրել, և սա մեր կարևորագույն ձեռքբերումներից է։
Անցած տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակաբար բարձրացել է: Եթե 2007 թվականին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայումս այն 55 հազար դրամ է: Այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2.8 անգամ:
Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007 թվականին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60985 դրամ, ապա 2016 թվականի ինն ամիսներին կազմել է 160688 դրամ: Այսինքն՝ անցած 9 տարիների ընթացքում պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2.6 անգամ: Մասնավոր հատվածում 2016 թվականի ինն ամիսներին միջին աշխատավարձը կազմել է 214169 դրամ՝ 2007 թվականի 90879 դրամի փոխարեն կամ աճել է 2.4 անգամ։
Նմանապես զգալիորեն աճել են կենսաթոշակները: Եթե 2007 թվականին միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12746 դրամ, ապա 2016 թվականին այն գերազանցել է 42000 դրամը: Այսինքն անցած 9 տարիների ընթացքում միջին ամսական կենսաթոշակը բարձրացել է 3.3 անգամ:
Բնակչության և տնտեսավարողների ավանդները 2016 թվականի սեպտեմբերի դրությամբ կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ 2006 թվականի դեկտեմբերի դրությամբ այն կազմել է 272 միլիարդ դրամ։ Աճը՝ 5.8 անգամ։ Ընդ որում, միայն բնակչության, այսինքն ֆիզիկական անձանց ավանդները կազմել են շուրջ 1 տրիլիոն դրամ, իսկ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում երաշխավորված ավանդների քանակն արդեն անցնում է 1.8 միլիոնը։
Իհարկե, հարց է ծագում՝ եթե աշխատավարձերն աճել են, կենսաթոշակն աճել է ու տնտեսությունը նույնպես աճել է, ապա ինչպիսին է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը։ Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատողների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ։ Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին։ Բավական է նշել, որ եթե 2008 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2.3 միլիարդ դոլար էր, ապա 2009 թվականին այն կտրուկ նվազեց՝ հասնելով տարեկան 1.6 միլիարդի։ Ավելին, 2015 թվականին, հաջորդ ճգնաժամի հետևանքով, նույն ցուցանիշով ունեցանք արդեն կես միլիարդ դոլարի անկում։ Նույն միտումը շարունակվում է նաև այս տարի։
Այսպիսով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը՝ մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով։ 2010 թվականին այն կազմեց 35.8 տոկոս։ Սակայն գործադրված հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել՝ 2015 թվականին հասցնելով մինչև 29.8%: Այսպիսով, արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացանք նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին։ Սա պետք է համարել անկախ Հայաստանի էական տնտեսական ձեռքբերումը, որի հիմքի վրա էլ պիտի հաղթահարենք հետագա վերելքը՝ աղքատության նվազումն ու բարեկեցության աճը խթանելով։
Ավելին, նշենք, որ աղքատությունը խիստ դինամիկ երևույթ է. մարդու բարեկեցությունը փոքր-ինչ մեծացնելը, եկամուտները և ծախսերն ավելացնելը ինքնաբերաբար չեն կրճատում աղքատությունը, քանի որ մարդու կարիքներն էլ անընդհատ աճում են ըստ իր կեցության։ Եվ այս հարցում մենք ազնիվ ենք գտնվել ու ճշգրտել ենք բնակչության յուրաքանչյուր խմբի համար աղքատության իր հստակ շեմը՝ 2009 թվականին ճշգրտելով սպառողական նվազագույն զամբյուղն ու փոխելով աղքատության հաշվարկի մեթոդոլոգիան։ Եթե պահպանեինք հին մեթոդոլոգիան, եթե համարեինք, որ նախկին նվազագույն շեմը հաղթահարելը բավարար է, ապա 2004 թվականի մեթոդոլոգիայով այսօր պիտի հայտարարեի, որ աղքատությունն իջել է մինչև 18.1 տոկոս։ Տնտեսական քաղաքականությունը հաշվի է առել ու այսուհետ էլ հաշվի է առնելու մեր բնակչության աճող կարիքները ու չի բավարարվելու այն ցուցանիշներով, այն պահանջներով ու նվազագույն շեմով, որոնք մենք դրել ենք տասը տարի առաջ։
Բնակչության բարեկեցությունը մեծացնելու համար նաև մի շարք ծրագրեր են ներդրվել։ Այսպես, ներդրվել է սոցիալական փաթեթների համակարգը, քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ընտանիքներին Երևանում և մարզերում մատչելի բնակարաններով ապահովելու գործընթացը: Այսօր փոխվել են բնակչության կարիքները, երիտասարդները գերադասում են ունենալ իրենց ապահով բնակարանը, ապրել ինքնաբավ։ Եթե 2006 թվականին մեկ բնակչի ապահովվածությունը բնակարանային ֆոնդի մակերեսով կազմում էր 23.6 քառակուսի մետր, ապա 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 31.3 քառակուսի մետր, կամ աճել է ավելի քան 30 տոկոսով։ Գազի, էլեկտրական էներգիայի, ջրի սպառումը և շատ այլ ցուցանիշներ ևս նույն միտումներն ունեն։ Մեկ թիվ հնչեցնեմ միայն. եթե ջրամատակարարման շարունակականության միջին տևողությունը Երևանում 2007 թվականին 17.4 ժամ էր, ապա այսօր արդեն հասել է 23.4 ժամի՝ շատ մոտ շուրջօրյային։ Այս իրողությունները միայն մեկ բան են հուշում՝ էականորեն մեծացել է բնակչության բարեկեցությունը։ Բայց ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք։ Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից։ Ու սա բնական է, ու սա լավ է։ Կարևորը, որ շարունակելու ենք առաջանցիկ աճը՝ ապավինելով մեր ուժերին։
Իսկ արդյո՞ք մենք բավարարված ենք այս ցուցանիշներով: Իհարկե՝ ոչ: Հակառակ դեպքում կարիք չունեինք անընդհատ խոսելու կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ավելին, ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ՝ մենք մեծացրինք արտաքին պարտքը։ Սակայն, նախ՝ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին և երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը և երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա։
Գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը։
Այստեղ նորից վերադառնամ զսպանակներին։ Հայաստանը, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները և նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը։ Համեմատության համար՝ շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետևանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից ստացված պահուստները։ Ուշագրավ էր «Ռոյթերս» գործակալության վերլուծությունը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի՝ ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն և որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ արված քաղաքական որոշումների քանակով։ Այսպես, 2016 թվականի ընթացքում Հայաստանը 9 անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջերս արդեն տասներորդ անգամ իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2015 թվականի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի։ Արդյունքում Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսությանն ընդլայնող դրամավարկային քաղաքականության լուրջ իմպուլս։ Հերթը տնտեսավարողներինն է և մեր գործարարի պրպտող, ստեղծագործող, մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք արդեն իսկ, և դրանք, իհարկե, բազմապատկվելու են։
Ուժեղ Հայաստան՝ ահա մեր ազգային գաղափարը, որը կարող ենք նաև անվանել ազգային երազանք կամ նպատակ: Համոզված եմ՝ սա այն գաղափարն է, որ կմիավորի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մեր երկրում հասարակական համաձայնությունը պետք է կառուցվի հենց այս գաղափարի շուրջ: Այն պետք է դառնա նոր պայման, համերաշխության նոր բանաձև բոլորի համար:
Մենք միշտ ձգտել ենք իրար կապել Հյուսիսը և Հարավը, կամուրջներ գցել Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունը և նպատակը չի եղել:
Այսօր էլ մենք բաց ենք համագործակցության համար, որի լավագույն ապացույցն են այն ջերմ և բարիդրացիական հարաբերությունները, որ ունենք մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: Համագործակցելու մեր պատրաստակամությունն ապացուցելու են գալիս նաև մեր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչպես նաև Եվրոպական միության հետ մեր ունեցած փոխըմբռնումը և տնտեսական համագործակցությունը:
Սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր հանդեպ վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում: Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ:
Մենք պետք է դառնանք անգերազանցելի այն բնագավառներում, որտեղ մեր աճի հնարավորությունները կախված չեն լինելու մեր անբարյացակամ հարևանների քաղաքականությունից: Արդեն սահմանել ենք մի շարք առաջնահերթություններ, որոնց շարքում են գյուղատնտեսությունը, կրթությունը և նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ոսկերչությունը և ակնագործությունը, ֆինանսաբանկային ծառայությունները, զբոսաշրջությունը: Այս ցանկն, անշուշտ, կարելի է շարունակել:
Այս ոլորտներում մեր առավելությունները մրցակիցների հանդեպ պետք է լինեն ոչ թե հարաբերական, այլ բացարձակ: Դա է մեր ազգային նպատակը և գաղափարը: Մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով:
Նշածս բնագավառներից և ոչ մեկի զարգացումը չի կարող մեկուսացած տեղի ունենալ: Այդ բոլոր ոլորտները զարգանում են մեր երկրի միջավայրում, ուստի և կրում են եղած բացասական երևույթների ազդեցությունը:
Այդ բացասականը մենք պետք է նվազեցնենք և վերացնենք: Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր բարեփոխում բերելու է նոր հաջողություններ մյուս բնագավառներում:
«Հայկական»-ը պետք է լինի «լավագույն»-ի հոմանիշը:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Այսպես է մեր երկիրը ներկայանում աշխարհին` կառուցողական դիրքորոշումներով, գործընկերների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով, միջազգային հանձնառությունները բծախնդրորեն կատարելով, պայմանավորվածությունները հարգելով և հաստատակամ՝ մեզ համար սկզբունքային հարցերում: Սա արտաքին հարաբերություններում մեր ընտրած ուղին է, մեր երկրի դիվանագիտության այցեքարտը:
Միջպետական հարաբերություններում երկրի շուրջ նման օրակարգ ձևավորելը պահանջում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք։ Կարծում եմ, որ շատ ավելի ջանք է պահանջում այն պահպանելն ու ամրապնդելը: Մանավանդ բոլոր այն դժվարությունների ու մարտահրավերների պայմաններում, որոնք այսօր ցնցում են մեր տարածաշրջանը և ողջ աշխարհը:
Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված մեր հարաբերությունների խորության, բազմազանության ու նշանակության առումով:
Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը:
Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։
Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք այս ներուժը։
Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ:
Հարգելի՛ գործընկերներ,
Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» և «ապրիլից հետո» փուլերի:
Թե՛ «առաջ», թե՛ «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:
Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ կողմերը նաև հստակ և իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը:
Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից:
Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջև դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ:
Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել:
Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետևողականություն» է։
Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:
Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որևէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջև դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:
Որևէ զենք և սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը:
Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է՝ մարտի դաշտում որոշիչը զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումը և առաքինությունը:
Այո՛, սահմանին կանգնած մեր զինվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ անգամ խիզախ է, երբ իր թիկունքում միասնականություն է զգում՝ բոլորիս միասնական ոգին։ Հիշենք, որ 1992-94 թվականների մեր հաղթանակների մեջ պակաս դեր չուներ նաև այն փաստը, որ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում քաոս էր տիրում։ Սա կարևոր դաս է, որ երբեք չպետք է մոռանանք։ Եվ սա որևէ կերպ չի էլ նսեմացնում մեր զինվորների, մեր սպաների, մեր ժողովրդի խիզախությունը:
Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարևոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են:
Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն և որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձևավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ:
Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձևավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր և պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ և կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:
Մեր կուսակցության շարքերը համալրած՝ պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար։ Ընդհանրապես, բանակը պետք է դառնա, և ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս, մեր բոլոր քայլերը դրան են տանելու։ Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն և ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին ու հայտերին։
Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին պետք է ավելացնեմ, որ Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։ Մենք երկար քննարկել ենք մեր Զինված ուժերին վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության և ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում։
Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու:
Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:
Մեր զինված ուժերի կարիքները բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի:
Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ: Բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:
Հարգելի՛ գործընկերներ,
Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանը և մեր ավանդական մյուս գերակայություններին առնչվող հարցերում։ Ակնհայտ է, որ համայն հայության անքակտելի կապը շարունակաբար պետք է ամրապնդել նաև ներկայի և, իհարկե, ապագայի ընկալմամբ և տեսլականով: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Պարզ, առանց խրթին տողատակերի մի նպատակադրում, որը պահանջում է, սակայն, համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն։
Այո, մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի և եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը: Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական և այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները:
Այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ։ Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության և պատասխանատվության համատեղումն է դա։ Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաև միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը։ Անկեղծ լինենք՝ մինչև այսօր դա ընդգծված իրականություն չի եղել։ Քիչ բացառություններով՝ Հայաստանում մշակվել և իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ։ Այս ողջ գործընթացում բացառելու ենք չհասկացվածության սուր անկյունները, խուսափելու ենք «մենք ասեցինք, մեզ չլսեցիք» ձևակերպումներով թևաթափ երևույթները, յուրաքանչյուր կարող և ցանկություն ունեցող հայի համար փորձելու ենք գտնել գործելու և պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը։
Մենք պատրաստ ենք բաց և շիտակ քննարկումների: Ես ինքս նման քննարկումներ անցկացնելու համար օգտագործում եմ յուրաքանչյուր առիթ, հատկապես՝ իմ արտասահմանյան այցերի ընթացքում: Հիմա արդեն դա դարձնելու ենք մշտական գործող մեխանիզմ Հայաստանում։ Այս թեմայի շուրջ մենք երկար ենք խոսել վարչապետի հետ։ Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը։
Եվ մենք միասին ենք աշխատելու Հայաստանի որևէ ոլորտն առաջ տանելու քաղաքականության իրականացման հարցում։ Այնպես, ինչպես այսօր մեր երկրում կառավարության հետ միասին ամեն օր որևէ բան են փոխում Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Վարդան Սերմաքեշը, ովքեր տնտեսության շատ կոնկրետ ոլորտներում նոր մշակույթ են ներդնում և զարգացում են ապահովում։ Այնպես, ինչպես մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհների որոնման հարցում շատ հաճախ ինստիտուցիոնալ դերակատարություն են ստանձնում հայ եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակները, Ամերիկայի հայկական համագումարը, աշխարհասփյուռ մեր մյուս կառույցները։ Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաև ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել և աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։ Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է։
Այսօր մենք ամրագրում ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը։ Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման և իրականացման գործում փորձելու ենք ներգրավել պատասխանատվություն ստանձնել ցանկացող կարող ուժերին և պայմանավորվում ենք, որ խնդիրների լուծումն այսուհետ միասնության ու պատասխանատվության դաշտում է, այլ ոչ թե միակողմանի հրապարակային կոչերում կամ միջազգային մամուլի էջերում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ և խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք։ Շատ ունենք։ Եվ կարծում եմ, որ հիմա իսկական տեղն ու ժամանակն է, որպեսզի մենք մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում ու Սփյուռքի գաղթօջախներում բարեգործություններ են կատարում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեծ միջոցներ են հատկացնում ու նաև, իհարկե, նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում են դա անում, ընդհուպ մինչև երեկ չէ առաջին օրը տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում 23-24 եվրո նվիրաբերող մարդկանց: Եկեք միասին շնորհակալություն հայտնենք բոլորին:
Անշուշտ մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաև աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության և երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է տրվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հնարավորությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Նշածս առաջնահերթություններն առաջիկա տարիների ընթացքում կլինեն մեր քայլերի ուղենիշները։ Մենք շարունակում ենք լինել այն հիմնական քաղաքական թիմը, որը Հայաստանում իրականացնում է քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումները։ Պատահական չեմ օգտագործում «թիմ» եզրույթը։ Այո՛, ես համոզված եմ, որ հանրապետական լինելը առաջին հերթին նշանակում է լինել գործընկեր, լինել թիմակից, լինել համախոհ:
Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ մենք մեր համախոհների և գործընկերների շարքերը սահմանափակում ենք միայն մեր կուսակցական ընկերներով: Դրա լավագույն ապացույցն է մեր կառավարությունը, որի կազմում Հանրապետականի հետ արդյունավետորեն համագործակցում և աշխատում են մեր կոալիցիոն գործընկերները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մեր անկուսակցական գործընկերները, ովքեր լուրջ պատասխանատվության շրջանակներ են ստանձնել: Այդ իրականությունն ապացուցում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցական ղեկավարներ իրենց ճակատագիրը կապել են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ ՀՀԿ-ի հետ մասնակցելով ընտրություններին ու նաև աշխատելով մեր խորհրդարանում:
Հանրապետականը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ և հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար:
Մենք հավատում ենք մեր ժողովրդին, հավատում ենք աշխատելու, սովորելու, նորն ընկալելու և կիրառելու նրա ունակությանն ու պատրաստակամությանը:
Մենք հենվելու ենք ամուր և ավանդական ընտանիքի արժեքների վրա: Այո՛, ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ և պետության առաջընթացի կարևոր խթան: Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ մենք հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրները:
Շնորհակալ եմ ուշադրության համար։