Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նախկին գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը չի բողոքարկել այս տարվա սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից իր նկատմամբ կայացրած դատավճիռը:
Հիշյալ դատարանի վճռով` Մարկոսյանը մեղավոր էր ճանաչվել 2010-2014թ.թ.ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով` 759.221.500 ՀՀ դրամ, իսկ 2008-2013թ.թ. ժամանակահատվածում` 24.364.500 ՀՀ դրամ գումար հափշտակելու համար:
Նրա հետ նույն գործով ամբաստանյալի կարգավիճակում էին հայտնվել նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ռուբիկ Մովսեսյանը և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի վերանորոգման նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ Էդիկ Ղազարյանը: Հիշյալ ամբաստանյալներից որևէ մեկը կալանքի տակ չի գտնվել:
Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հիշյալ գործը դատարանը քննել է արագացված դատական կարգով, քանի որ ամբաստանյալները համաձայնել են մեղադրանքների հետ, հայտնել, որ անկեղծորեն զղջացել են կատարած հանցանքների համար ու դատարանից խնդրել են իրենց նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժներ։ Դատարանի վճռով` երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել:
Մասնավորապես` Գագիկ Մարկոսյանը դատապարտվել է 5 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն, ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով 3 տարի ժամկետով փորձաշրջան: Նրա վարքի նկատմամբ հետագա վերահսկողությունը հանձնվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման բնակության վայրի համապատասխան ստորաբաժանմանը։
Դատարանը վճռել է Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ նշանակված 4 տարի 1 ամիս ժամկետով պատիժը նույնպես պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:
Նույնքան ժամկետով փորձաշրջան է սահմանվել նաև այս գործով 4 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Էդիկ Ղազարյանի նկատմամբ:
Հիշյալ գործը չի բողոքարկվել և համապատասխան կարգով հանձնվել է դատարանի արխիվ:
Նշենք, որ Գագիկ Մարկոսյանն ատոմակայանի տնօրենի պաշտոնից ազատվել էր 2014թ. դեկտեմբերին: