կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-10 13:04
Հասարակություն

Յուրաքանչյուր աշխատող ամսական 1000 դրամ կվճարի բանակին

Յուրաքանչյուր աշխատող ամսական 1000 դրամ կվճարի բանակին

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման, նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

«2016 թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողությունների արդյունքում զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ բյուջեի նախատեսված միջոցներով և ամբողջ ծավալով հոգալ հնարավոր չէ, և դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ և նոր համակարգ: Այդ նպատակով, նախագահի հանձնարարությամբ, մշակվում է փաթեթ, որը նախատեսում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի պետական և հասարակական աջակցության տարրեր: Համակարգի հենասյունը` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հիմնադրամը, կմիավորի ստացվող դրամական միջոցները` ապահովելով այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը, իսկ առաջացած միջոցների հաշվին կփոխհատուցվեն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին: Համակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ: «Հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար`  սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին`  250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` համապատասխանաբար` 200,150 և 100 հազար դրամ: Զոհվելու դեպքում սպայի ընտանիքին հատկացվում է 82 միլիոն դրամ, ենթասպային` 70 միլիոն դրամ, շարքային զինծառայողի ընտանիքին` 58 միլիոն դրամ:

Հիմնադրամի հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ  վճարում է ամսական 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից: Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ` կառավարության, ԿԲ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների խորհուրդ, կունենա գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով, որի միակ գործառույթը հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը պետք է լինի»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ փաթեթը հնարավորության դեպքում պետք է ճանաչել անհետաձգելի, որ հաջորդ տարվանից այն սկսի կիրառվել: