կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 11:26
Քաղաքական

Ամենաշատ բողոքները ոստիկանության համակարգի դեմ են. ՄԻՊ

Ամենաշատ բողոքները ոստիկանության համակարգի դեմ են. ՄԻՊ

ԱԺ Ֆինանսավարկային և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակում են քննարկել 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում տեղեկացրեց, որ 2017 թվականին ՄԻՊ գրասենյակին հատկացվել է 251 միլիոն դրամ` նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 4.3 անգամ:

«Ասել, թե այն միջոցները, որոնք հատկացվել են նախագծով, այն իդեալն էր, որին պետք էր ձգտել ՄԻՊ աշխատակազմի համար նախատեսելիս, իրականությունից շեղված կլինենք: Կարիքն, ինչպես մնացածի դեպքում, գերազանցում է տրամադրված միջոցները, բայց մենք ունենք որոշակի սահմանափակումներ, որոնցով պիտի առաջ շարժվենք»,- ասաց փոխնախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ տրամադրված միջոցները նպատակ ունեն լուծել առաջնահերթ խնդիրները, բայց եթե պահանջվեն լրացուցիչ միջոցներ, ապա կառավարությունն իր լիազորությունների ընթացքում կավելացնի հատկացումները։

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ՄԻՊ գրասենյակն առաջնահերթ ուղղություններ է որդեգրել՝ հաշվի առնելով նախկին գործունեությունը:

«2016 թվականի սկզբում ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է նոր բաժին՝ երեխաների իրավունքների պաշտպանության, նաև ձևավորվել է զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժին: Այս երկու լուծումներն արվել են առավել մասնագիտացված մոտեցում ցուցաբերելու համար»,- ասաց նա:

Խոսելով 2017 թվականի առաջնահերթությունների մասին` Թաթոյանը նշեց. «Հաջորդ տարվա ընթացում առաջնահերթություն են լինելու բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը, ՁՊՎ-ներում բժշկական ծառայությունների որակը, առանձին խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված նորմերը»:

Նա նշեց նաև, որ, ՄԻՊ-ի մասին նոր օրենքով, հատուկ ընթացակարգ կիրականացվի ՁՊՎ-ներ «առավել ուժեղացված» ռեժիմով այցերի համար: «Հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ գրասենյակը ստացվել է 4000 բողոք, ամենաշատ բողոքներն ուղղված են ոստիկանության համակարգի դեմ»,- ասաց Արման Թաթոյանը: