կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 13:50
Քաղաքական

Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է. ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի հետքերով

Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է. ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի հետքերով

Նստաշրջանը, ինչպես միշտ, բավականին լարված էր, որովհետև ԵԽԽՎ-ն աշխատում է Միլի մեջլիսի ռեժիմով` թուրք-ադրբեջանական լոբբիի գերակայության պայմաններում, սակայն Հայաստանի պատվիրակությունը, այնուամենայնիվ, կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել. այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հերթական նստաշրջանին:

Ըստ նրա` ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպը նմանը չուներ: «Ես զրուցել եմ ԵԽԽՎ հնաբնակ պատգամավորների հետ, ԵԽԽՎ կանոնակարգին էլ ծանոթ ենք: Միայն մի դեպքում իրավունք չունես կոնկրետ թեմայի մասին խոսելու` եթե նշյալ թեմայով որևէ զեկույց ներառված է նստաշրջանի օրակարգում»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով` Ագրամունտը կոպտագույն խախտում էլ թույլ տվեց` ընդհատելով Նաիրա Կարապետյանի ելույթը: «Հետո նա Նաիրային թույլ տվեց ավարտել իր ելույթը, իսկ ինձ թույլ չտվեց ավարտել: Նա կոպտագույնս խախտեց ԵԽԽՎ կանոնակարգը»,- ասաց պատգամավորը հավելելով, որ երբ նիստից հետո Հերմինե Նաղդալյանը պարզաբանում է պահանջել, նա չի էլ պնդել, որ կանոնակարգ չի խախտել:

Զոհրաբյանը նշեց, որ մեր պատվիրակությունը համապատասխան ընթացակարգերով հետամուտ է լինելու, որպեսզի Ագրամունտը պատժվի: Ըստ նրա` Ագրամունտն ընկել է հիստերիայի մեջ, որովհետև իրենք բարձրացրել են այնպիսի թեմա, որում նրա մասնակցությունը կա: «Մենք անդրադարձանք նրա համար շատ ցավոտ մի թեմայի՝ Եվրոպայի խորհրդում կոռուպցիայի թեմային: Քանի որ Ագրամունտը հայտնի կոռուպցիոներ է, այդ պատճառով էլ այդպես արձագանքեց»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պատվիրակությունով կքննարկեն խնդիրը և կանեն այնպես, որ իրավական բոլոր ընթացակարգերով Ագրամունտը պատասխանատվության ենթարկվի:

«Եթե Ադրբեջանի պատվիրակն անհեթեթ հայտարարություններ է անում, թե Հայաստանում անկախ լրագրողի են սպանում, և վկայակոչում է Միքայել Դանիելյանին, մենք դրան ենք արձագանքում: Ես ինքս խորհուրդ եմ տալիս Ռաֆիկ Հուսեյնովին` դիմել հոգեբույժի, դա Հայաստանին վերաբերող խնդիր է»,- ասաց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի խնդիրներին, պատգամավորը նշեց, որ ինչ խնդիր ունենում ենք,  պատվիրակությունը հնչեցնում է: «Ինչ խնդիր ունեցել ենք, հնչեցրել ենք: Թյուրընկալում կա, որ աշխատանքերը ԵԽԽՎ-ում միայն լիագումար նիստերում հնչեցված ելույթներն են: Հիմնական աշխատանքները կատարվում են հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, և մեր բոլոր պատվիրակները, անկախ քաղաքական կուսակցության պատկանելությունից, կարողացել են շատ լավ ներկայացնել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական համակարգում եղած խնդիրները: Լիագումար նիստը միայն արտաքին տեքստն է մեր աշխատանքի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հոկտեմբերի 14-ին` ազատ քննարկման ժամանակ, սկանդալ է տեղի ունեցել` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, որն անջատել է հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի եւ Նաիրա Զոհրաբյանի խոսափողերը: Երբ ելույթ է ունեցել ադրբեջանցի պատգամավոր Ռաֆիկ Հուսեյնովը` նշելով, թե ազատ խոսքի համար Հայաստանում լրագրողներ են սպանել` մասնավորապես վկայակոչելով սրտի կաթվածից մահացած Միքայել Դանիելյանին, Զոհրաբյանը հակադարձել է նրան` խորհուրդ տալով կոնսուլտացիա անել հոգեբույժի հետ: Այդ ժամանակ Ագրամունտը սկսել է ամբիոնից բղավել, թե անջատում է խոսափողը: