Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԿԳՆ և ՏՀՏ գործատուների միության միջև: Հուշագրի համաձայն` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ` ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը, միջազգային հաստատություն- գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով:
Կողմերը պարտավորվել են աջակցել միմյանց համատեղ ծրագրերի իրականացման հարցում, նպաստել ՏՀՏ ոլորտում ուսումնական հաստատություն-գործատու կապի և համագործակցության ամրապնդմանը:
Ըստ հուշագրի` ՀՀ ԿԳՆ-ն իր իրավասությունների շրջանակում կաջակցի ՏՀՏ-կրթություն ամենամյա միջազգային կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը, ՏՏ գործատուների միության նախաձեռնություններին և ծրագրերին:
Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հուշագիրն ամրագրում է այն մեծ աշխատանքային ծավալը, որը իրականացրել են համատեղ` տարիներ շարունակ, թե' մասնագիտական, թե' հանրակրթության ոլորտում: Նախարարի խոսքով` համագործակցության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես տեխնոլոգիական մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման փաստը: Այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել են հստակեցնել մասնագիտությունները` աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան:
«Այս համագործակցությունը, որը հեռու է պոպուլիզմից, կարճ էֆեկտներից, ուղղված է ՀՀ-ում ամուր հենքային կրթական բազայի ձևավորմանը: Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու գաղափարախոսության շրջանը: Պարտավոր ենք, ցանցային համալսարանների հնարավորությունները օգտագործելով, առաջիկայում ձևավորել երկու խոշոր կլաստեր` ինժեներատեխնիկական ու բնագիտական: Այստեղ շատ լավ համագործակցության հեռանկարներ են ստեղծվում հարևան Վրաստանի հետ, որովհետև նրանք նույն գործընթացների մեջ են»,- ասաց Լևոն Մկրտչյանը: