կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 15:25
Քաղաքական

Տարածքային կառավարման նախարարության մեջ կարելի է բավական ենթակառուցվածքներ ավելացնել. ՀՀԿ-ական

Տարածքային կառավարման նախարարության մեջ կարելի է բավական ենթակառուցվածքներ ավելացնել. ՀՀԿ-ական

Ժամանակն է մտածել նախարարությունների օպտիմալացման մասին, որովհետև մեր երկիրը, այսքան փոքր լինելով, շատ նախարարություններ ունի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը:

«Խորհրդային միությունից մնացել են բավական շատ նախարարություններ: Գերտերություններ կան, որ ունեն ընդամենը 6-7 կամ մաքսիմում 10-12 նախարարություն: Այս խնդրին պետք է ուշադրություն դարձնել, նախարարությունները պետք է կրճատել, օպտիմալացնել: Տարածքային կառավարման նախարարության մեջ բավական ենթակառուցվածքներ կարելի է ավելացնել, Սփյուռքի նախարարության գործառույթը մտցնել արտաքին գործերի նախարարության գործառույթների մեջ»,- կարծիք հայտնեց նա` հավելելով` արդեն ժամանակն է մտածել այդ ուղղությամբ, ժամանակն է գնալ դրան և նախարարությունները քչացնել:

Ըստ պատգամավորի` կառավարության փոփոխության հետ, բնականաբար, պետք է նաև տեղի ունենան կառուցվածքային փոփոխություններ: «Ավելի շատ կարևորում եմ կանոնադրությունը` ինչպիսի ֆունկցիաներ է դրված այդ նախարարության մեջ, ինչպիսի գործառնություններ կիրականացնի: Այդպիսի աշխատանքը կարելի է կանոնակարգել` մեծ կարևորություն չտալով դրա անվանմանը»,- ասաց նա:

Կարապետյանի կարծիքով` Սփյուռքի նախարարության անվանափոխման խնդիրն այն է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն ավելի հասցեագրված մոտենան: «Եթե անդրադառնանք Սփյուռքի և հայրենադարձության նախարարությանը, դա կարծես հասցեագրվում և ավելի է մոտեցնում է մեր Սփյուռքի բարեկամներին, այնպես որ` այդտեղ ես այդքան էլ մեծ փոփոխություն չեմ համարում: Կարևորն այն է, որ նախարարությունն իր այդ պարտականությունը կատարի»,- նշեց նա:

Կարապետյանի խոսքով` ցանկացած նախարարություն շատ ֆունկցիաներ է կատարում, բայց չի կարելի ըստ ֆունկցիաների անվանել նախարարությունները: