Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր մասնագետներն ու անկախ խորհրդատուները մեծածավալ և բավականին բարդ աշխատանք են կատարել՝ խմելու ջրի համակարգը նոր օպերատորին պատշաճ մակարդակով փոխանցելու համար: Այս մասին Ջրային տնտեսության պետական կոմիտեում Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՋՏՊԿ նախագահ Արամ Հարությունյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա շաբաթների ընթացքում արդեն իսկ պարզ կդառնա խմելու ջրի միասնական օպերատորի անունը: ՋՏՊԿ նախագահը հայտնեց, որ օպերատորի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, այս պահին տարվում են բանակցություններ՝ կապված միասնական սակագնի որոշման հետ:
Ա. Հարությունյանը կարևորեց ՎԶԵԲ և ԵՆԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ հատկանշելով, որ այս տեսակի համագործակցությունը հիմնված է տեսանելի արդյունքների և վստահելի գործընկերության սկզբունքի վրա: ««Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» առանցքային նշանակություն ունի ՋՏՊԿ համար: Դրա իրականացման արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն բարելավել ջրամատակարարման հիմնական ցանցի վիճակը»,- նշեց Ա. Հարությունյանը:
Քանի որ ծրագրում ներառված է նաև կեղտաջրերի մաքրման բաղադրիչ, ՋՏՊԿ նախագահը ներկայացրեց այս ուղղությամբ տարվող աշխատանքները և կարևորեց հատկապես Երևանի ջրամաքրման կայանի՝ Աերացիայի վերակառուցումը, որը նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա ամիսների ընթացքում:
Անդրադառնալով խմելու ջրի միասնական օպերատորի ընտրությանը և դրանից հետո սպասվող իրավիճակային փոփոխություններին՝ Ա. Հարությունյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկեց «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագրի» կառուցվածքի, գույքի ձեռք բերման ծավալների և ուղղվածության վերանայման հնարավորությունները, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ կապված խնդիրներ:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Տեա Մելիքաձեն գոհունակությամբ արձանագրեց, որ համագործակցության ընթացքում ՋՏՊԿ-ն մեծածավալ գործունեություն է իրականացրել ոչ միայն իր գործառույթների սահմանում, այլև մեծապես աջակցել է միջազգային խորհրդատվական ընկերություններին՝ տվյալների հավաքագրման և ՀՀ ջրային համակարգի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու գործում:
Նշենք, որ «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրն» իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (30 մլն եվրո) և Եվրամիության Հարևանքության քաղաքականության ծրագրի (20 մլն եվրո) աջակցությամբ: Այս ծրագրում ներգրավված է նաև Եվրոպական ներդրումային բանկը՝ 30 մլն եվրո մասնակցությամբ:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն