կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 17:44
Մշակույթ

2016-ին ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը

2016-ին ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը

Տարին լի էր նշանակալի թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով. ամփոփելով 2015-ը` նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: 

Ըստ նրա` տարվա գլխավոր թատերական իրադարձությունը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը:

«Այդ օրը մենք ի մի ենք բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Երևանում նախաձեռնել էր մարզային թատրոնների /Կապանի, Գորիսի, Արտաշատի, Գավառի, Աբովյանի/ ստուգատես, որի ամփոփումը կայացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում»,- հիշեցրեց Ղազանչյանը:

Խոսելով մարզային թատրոնների մասին՝ նա ասաց, որ հոկտեմբերի 5-11-ը ՀԹԳՄ-ն Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ Աբովյան քաղաքում անցկացրել է թատերական փառատոն՝  նվիրված Աբովյան քաղաքի տոնին (1963-ին հիմնադրված քաղաքի տոնը նշվում է հոկտեմբերի կեսերին՝ սկսած 2000-ից): Փառատոնի շրջանակում ցուցադրվել է 11 ներկայացում` Երևանի թատրոնների և Աբովյանի քաղաքային թատրոնի մասնակցությամբ: «Փառատոնը նպատակ ուներ աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Ի դեպ, մուտքը ներկայացումներին եղել է անվճար»,- ասաց Ղազանչյանը:

Նա հավաստիացնում է, որ ՀԹԳՄ-ն շարունակում է ուշադրությունը պահել մարզային թատրոնների խնդիրների վրա: «Ուրախալի է, որ Գավառի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքային հետևողականության շնորհիվ 2016թ. ավարտին կհասցվի Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը: Ծրագրվում է Գավառում բացել դերասանական կուրս, ինչի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է»,- նշեց Ղազանչյանը: