Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում` փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, մշտապես բարձրաձայնել են, որ իրենք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք, որպես կանոն, մի քանի անգամ ավելի բարձր են, քան գույքի արժեքը: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«Օրինակ` եթե քաղաքացիները կատալոգներ են ներմուծում, որի արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսավճարի համար, բացի այդ` նրանք ստիպված են կատարել մի շարք այլ վճարումներ, ներառյալ` մաքսային ներկայացուցչի կամ, այսպես կոչված, բրոքերի ծառայությունից օգտվելու համար, որոնք տատանվում են 10-15 հազարի սահմաններում»,- ասաց նախարարը:
Մինասյանը նշեց, որ այս խնդիրը լուրջ է համարվում փոքր ու միջին բիզնեսում՝ ավելորդ վճարումներ կատարելու, ինչպես նաև առանձին վարչարարական ընթացակարգերում ներգրավվելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ առանձին դեպքերում քաղաքացիները ստիպված են լինում դիմել մաքսային բրոքերի ծառայությանը, մինչդեռ ազգային օրենսդրությունը կարող է նախատեսել, որ քաղաքացիները կամ տնտեսվարողներն ինքնահայտարարագրման եղանակով, առանց որևէ ծառայությունից օգտվելու իրականացնեն ներմուծում և արտահանում:
Ըստ նախարարի՝ օրենքի փոփոխությունը էականորեն կթեթևացնի տնտեսվարողների և քաղաքացիների գործը:
Մինասյանի խոսքով՝ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում: «Որքան շուտ ընդունվի օրենքը, այնքան լավ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և այն ուղարկեց ԱԺ:
Նախագիծը կազմվել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և կառավարության առաջարկությամբ: