Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Սաֆարյանի «28:94. տեղական ժամանակով» խաղարկային ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. ազգային մրցույթ» անվանակարգում: Ֆիլմը համատեղ արտադրություն է՝ Գերմանիայի և Հոլանդիայի հետ:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Սաֆարյանը նշեց, որ ֆիլմի դեպքերն ընթանում են 1990-ականներին, և կան շատ մութ կադրեր, բայց` լույսի պոտենցիալով: Ֆիլմը, առհասարակ, ըստ կինոռեժիսորի, լուսավոր է:
«Ֆիլմի ասելիքն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են լինում, դժվար է մարդկային դեմքը պահպանել, սակայն մեզ հաջողվել է մութ ու ցուրտ տարիներին չկորցնել մեր դեմքը: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ եմ ֆիլմը կոչել «28:94. տեղական ժամանակով», և պատասխանը մեկն է՝ ժամանակից դուրս է այն, ինչ կատարվում է ֆիլմում»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց նաև, որ ֆիլմը Հայաստանում երկար կյանք չի ունեցել՝ երեք շաբաթ է ցուցադրվել, սակայն դրսում ավելի շատ են նայել, քան Հայաստանում: Պատճառը, ըստ ռեժիսորի, այն է, որ ֆիլմը չի գովազդվել:
Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմն արդեն իսկ ձեռք է բերել Հոլանդիայի կինոթանգարանը: «Ես գիտեմ՝ ես չեմ լինի, բայց ֆիլմն աշխարհի լավագույն կինոթանգարանում կմնա: Կուզեի՝ ֆիլմը շատ նայեին, քանի որ այն պատմում է, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- ասաց նա:
Ֆիլմում նկարահանվել են Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը... Ի դեպ, ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Էստոնիայում՝ Տալլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: