կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-23 15:31
Տարածաշրջան

Թուրքիան չի թույլատրել գերմանական պատվիրակությանը մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա

Թուրքիան չի թույլատրել գերմանական պատվիրակությանը մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա

Թուրքական իշխանությունները Գերմանիայի պաշտպանության նախարարության  խորհրդականին և գերմանացի պատգամավորների պատվիրակությանը չեն թույլատրել մուտք գործել Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազա. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Sabah պարբերականի` պատվիրակության այցի օրակարգը չհաստատելու  և թույլտվություն չտրամադրելու պատճառը Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումն է եղել:

«Նման որոշմամբ պաշտոնական Անկարան ցույց է տալիս, որ գերմանացի քաղաքական գործիչների այցը «Ինջիրլիք» անցանկանալի է»,- գրում է «Sabah»-ը:

Գերմանացի գեներալ Դիեթեր Վարնեկեն Գերմանիայի պաշտպանության հանձնաժողովի նիստում նույնպես նշել է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումն է Գերմանիայի կողմից:

Թուրքական աղբյուրը, հղում անելով «Bild» թերթին, նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն  է հղել Անկարայում գտնվող գերմանական դեսպանատանը, որում նշված է եղել, որ ռազմաբազա կարող են այցելել գերմանացի զինվորներն և տեխնիկական անձնակազմը, իսկ Գերմանիայի պաշտոնատար անձինք, պատվիրակության կազմի մեջ գտնվող պատգամավորները նման իրավունք չունեն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի լրագրողներին նույնպես չէին թույլատրել մտնել Ինջիրլիքի ռազմաբազա: