կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 13:37
Առանց Կատեգորիա

Պիտերն էլ արցունքներին չի հավատում

Պիտերն էլ արցունքներին չի հավատում

Թեև այսօր մեզ համար ամենակարեւոր քաղաքը Սանկտ Պետերբուրգն է, ամենակարեւոր իրադարձությունն էլ` այն, ինչ տեղի է ունենալու այդ քաղաքում, բայց որքան էլ մեծ լինի մեզանից ոմանց զարմանքը, Պետերբուրգն ամենեւին էլ աշխարհի ամենակարեւոր քաղաքը չէ, եւ Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումն այսօր աշխարհում տեղի ունենալիք հանդիպումներից եւ իրադարձություններից ամենեւին էլ ամենակարեւորը չէ: Օրինակ` նույն ռուսների համար այսօր տեղի ունենալիք իրադարձություններից ավելի կարեւոր է Ուելս-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը՝ Եվրո-2016-ի շրջանակներում, քան այն, թե ինչ պետք է ասի իրենց նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Այնպես որ` մենք աշխարհի ուշադրության կենտրոնում չենք` մենք ու մեր ցավերը, ցավերն ու ուրախությունները, ուրախություններն ու խնդիրները, այս բոլորը միասին կոչենք Արցախ: Իհարկե, առաջատար լրատվամիջոցներում կլինեն առանձին հրապարակումներ, նախագահների հանդիպման հետաքրքիր լուսանկարներ, բայց դա չի նշանակում, որ անգամ պետերբուրգցիներին այդ հանդիպումը հետաքրքրում է, եւ դա լավ է: Աստված չանի, եթե աշխարհը սկսի հետաքրքրվել Արցախով, Աստված չանի, քանի որ մենք գիտենք, թե ինչ է լինում այն երկրներում, որոնցով հետաքրքրվում է աշխարհը:

Այս պատճառով էլ առաջարկում եմ սառնասրտորեն նայել այս ծանրագույն հարցին /հասկանում եմ, որ ոմանք, կարդալով այս հոդվածը, պետք է մեղադրեն հասարակությանը ֆռռացնելու մեջ, ինչը հրահանգվել է ինձ Բաղրամյան 26-ից, որն էլ հասարակությանը ֆռռացնելու տարիների փորձ ունի եւ այս ոլորտում ուստա է/, բայց, այդուհանդերձ, պետք է գնալ այդ ռիսկին եւ հասարակությանը կոչ անել՝ սառնասրտություն: Բանն այն է, որ սառնասիրտ նայել` չի նշանակում չկարեւորել, առավել եւս՝ լուրջ չընդունել: Խնդիրներին ավելի սառնասրտորեն վերաբերվելը զգոնության կորուստ չէ, հայրենասիրության պակաս չէ, այն պարզ պատճառով, որ որքան սառնասրտորեն ենք նայում եղած ծանր խնդիրներին, այնքան ավելի սթափ ենք լինում դրանք լուծելիս:

Բայց ի՞նչ է նշանակում խնդրին, մանավանդ` կոնկրետ Ղարաբաղյան խնդրին սառնասրտորեն  նայելը: Տեսե'ք` եթե Պիտերի հանդիպումը դեռ չի եղել, բայց ոմանք համառորեն շարունակում են խոսել արդեն հողեր հանձնելու, առհասարակ` հանձնվելու եւ Արարատյան դաշտավայրի մի անկյունում ազգովի կուչ գալու մասին, ուրեմն մենք առավելագույնը ծանրացնում ենք այս՝ առանց այդ էլ ծանր խնդիրը, ինչը նշանակում է, որ երբեք այնքան սթափ չենք լինելու, որպեսզի այն լուծենք: Պետք է չմոռանալ, որ ցանկացած մարտահրավեր նաեւ հնարավորություն է, եւ հակառակը: Ղարաբաղյան խնդրին, իմ կարծիքով, պետք է վերաբերվել հանգիստ, թեթեւ, ուժեղի դիրքերից: Սա չի նշանակում, թե մենք չգիտենք՝ ինչ է պատերազմը, եւ որ ինչին-ինչին, բայց պատերազմին հնարավոր չէ իմիջիայլոց նայել: Սա նշանակում է, որ որքան ծանր ենք վերաբերվում մեր խնդիրներին, այնքան չի ավարտվում պատերազմը: Կապ չունի, թե ում հետ ունենք այդ խնդիրը` հարեւանի՞, որը մեզ վրա ջուր է լցնում, թե՞ հարեւանի, որը մեզ վրա կրակում է, այն էլ` «Սմերչ»-ով: Ի վերջո, պատերազմը չի ավարտվում, երբ զինադադար է կնքվում կողմերի միջեւ, եւ ով-ով, բայց մենք սա պետք է, որ իմանայինք արդեն: Պատերազմն ավարտվում է ներսում, որտեղ եւ սկսվում է:

Ի վերջո, ո՞վ ասաց, որ Պիտերում ինչ-որ բան լինելու է, կամ` եթե անգամ լինի, մեր օգտին չի լինելու, կամ` եթե անգամ մեր օգտին չլինի, մենք դրանից նոր հնարավորություն չենք ստանալու…

Հ.Գ. Հա, մի շատ կարեւոր բան էլ` ես գիտեմ, որ Պիտերն իրականում Սանկտ Պետերբուրգ է կոչվում, պարզապես Պիտեր ավելի թեթեւ է: Պուտինն էլ այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին խոսում են:

Հովիկ Աֆյան