կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 14:21
Քաղաքական

Ներկրումները, արտահանումն ու վերջնական սպառումը նվազել են

Ներկրումները, արտահանումն ու վերջնական սպառումը նվազել են

Խորհրդարանում մեկնարկել են երկրի պետական բյուջեի կատարողականի շուրջ քննարկումները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: Նա նշեց, որ 2015 թվականի պետական բյուջեն ամբողջապես կատարված է:

Մանրամասնելով, թե ինչպես է տեղի ունեցել բյուջեի կատարման գործընթացը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, որը կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների, մետաղների միջազգային գների նվազման, Ռուսաստանից ներհոսող գումարների կրճատման, տնտեսության վարկավորման մակարդակի նվազման ազդեցությամբ:

Ջանջուղազյանի խոսքով՝ տնտեսական աճին նպաստել են գյուղատնտեսւթյունը, արդյունաբերությունը, ծառայությունները, իսկ շինարարությունն ունեցել է բացասական ազդեցություն՝ 0,4 տոկոսով: «Կրճատվել է նաև վերջնական սպառումը, այն նվազել է: Նախորդ տարվա նկատմամբ վերջնական սպառումը նվազել է 6,5 տոկոսով: Կապիտալ ներդրումները նվազել են 5,1 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր ներդրումների 8,9 տոկոս նվազմամբ, այն դեպքում, երբ պետական ներդրումներն աճել են: Արձանագրվել է միջին գնաճի 3,7 տոկոս, որը գտնվում է օրենքով սահմանված միջակայքում: Հաշվետու տարում աշխատավարձերն աճել են 7,8 տոկոսով, պետական մակարդակում՝ 8,8 տոկոսով, ոչ պետական հիմնարկներում՝ 6,6 տոկոսով: Գործազրկությունը կազմել է 18,5 տոկոս»,- նշեց նա:

Արտաքին առևտրի բացասական մնացորդը, նախորդ տարվա համեմատ, ևս կրճատվել է, արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4 միլիարդ 741 միլիոն ԱՄՆ դոլար, այսինքն՝  նախորդ տարվա համեմատ, նվազել է 20,6 տոկոսով: Ըստ Ջանջուղազրյանի՝ ներկրումները նվազել են 2,9 տոկոսով, արտահանումները՝ 3,9 տոկոսով:

Ամփոփելով` Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2015թ.-ի պետական բյուջեով ստանձնված բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ու ժամանակին հնարավոր է եղել ապահովել, ուստի դրանք կատարված են: