Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 միլիոն դոլարով։ Այսօր այս մասին Վեդիում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գյուղմթերք արտահանող ընկերությունները շատ կարևոր դերակատարում ունեն, ուստի գյուղմթերքի արտահանումը մեկ կիլոգրամով անգամ չպետք է տուժի, այսինքն՝ բոլոր մթերող ընկերություններին կառավարությունը քաջալերում է:
«Մյուս տարի այս ծավալը պետք է մեծանա, դա մեր կառավարության կարևոր խնդիրներից մեկն է լինելու։ 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ամեն տարի որոշակի բերքի մակարդակ ապահովենք։ Ինձ մեծ դառնություն պատճառեց, որ մենք այս տարի բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով չկարողացանք լոլիկի բերքը պաշտպանել, և մեր արտադրողները ստիպված եղան Վրաստանից լոլիկ ներկրել»,- շարունակեց Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունը հանձնարարել է մյուս տարվա ամբողջ պլանավորումը նախապես կատարել։
Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ցեցն այդքան էլ սարսափելի չէ, որքան դրա մասին ասում են, այլ հարց է, որ կառավարությունը պետք է ճշգրիտ կերպով աշխատի համայնքների հետ։
«Հաջորդը ոռոգման ջրի հետ կապված խնդիրն է։ Մենք այսօր արդեն ոռոգման ջրի ոլորտում էական չարաշահումներ ենք հայտնաբերում։ Ջրի բաշխման համակարգում ունենք այնպիսի աղաղակող անարդարություններ, որ ուղղակի ամոթ է։ Մյուս տարի այս հարցում պետք է կարգ ու կանոն ունենանք»,- շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։
Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, նա ասաց՝ դրանք շատ արդյունավետ են, պարզապես պետք է ճիշտ շահագործել: «Աշխատանքային խումբ կա ստեղծված, հանձնարարել եմ՝ ուսումնասիրել և այս հարցում գալ վերջնական եզրակացության, որպեսզի մեր գյուղացիները կարկուտի առաջ էդքան անպաշտպան չլինեն։ Բայց դուք նույնպես պետք է հետևողական լինեք։ Ի՞նչ է նշանակում՝ հակակարկտային կայանից ինչ-որ մաս գողացել են, ու դրանով ոչ ոք չի զբաղվում։ Չի կարելի տենց, մենք չենք կարող ամեն ինչ տենց բարձիթողի վիճակում թողնել»,- ասաց Փաշինյանը: