Ֆրանսիական Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետ Մառլեն Մուրիեն Ադրբեջանին ցույց է տվել իր տեղը` ի պատասխան Շուշիի հետ բարեկամության պայմանագրի խզման պահանջի: Այդ մասին, ըստ novostink.ru-ի, հայտնում է գերմանական Die Welt-ը:
Նշվում է, որ Ադրբեջանը պահանջել է արգելել պաշտոնական այցերը Շուշի, քաղաքների միջև փորձի փոխանակումը: «Ադրբեջանը նաև ցանկանում էր, որ արգելվի քաղաքների միջև բարեկամությունը: Ինչպե՞ս կարելի է դա արգելել: Ֆրանսիան մարդու իրավունքների պաշտպանության երկիր է: Նման սպառնալիքներն ինձ վրա տպավորություն չեն թողնում»,- պատասխանել է ֆրանսիական քաղաքի ղեկավարը:
Ի դեպ, թերթը գրում է, որ դեռևս 2 տարի առաջ, երբ քաղաքապետը եղել է Շուշիում և ստորագրել բարեկամության մասին հռչակագիրը, Ադրբեջանը նրան ընդգրկել էր իր «սև ցուցակ»-ում, հիմա էլ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունն ուղարկել է «դատական կատարողին»: «Պաշտոնյան ինքն էլ փոքր-ինչ շփոթված էր այդ տարօրինակ և անհեթեթ ուղերձը հանձնելիս»,- ասել է Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետը: