Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության այս շաբաթվա նիստում ընդգրկված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին: Կառավարությունը հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծին և այն սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Զարուհի Փոստանջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` ողջունելի է, որ կառավարությունը ցանկություն ունի այդ օրենքը ընդունել: «Ես կարծում եմ, որ մենք այլընտրանք չունենք և ժամ առաջ պետք է ճանաչենք Արցախի անկախությունը»,- ասաց նա:
Հարցին, թե օրենքի նախագիծը խորհրդարանում ի՞նչ ճակատագրի կարող է արժանանալ, պատասխանեց. «Մենք ուշացել ենք, բայց պարտավոր ենք կողմ քվեարկել, որովհետև եթե չենք անում, սա նշանակում է, որ քաղաքական առումով մենք կորուստներ ենք ունենալու, և, ընդհանուր առմամբ, պատերազմը քաղաքականության մի մասն է, իսկ մենք տեսանք, որ Ադրբեջանը` այդ արհեստականորեն ստեղծված միավորը, պատերազմից չի հրաժարվում, ավելին` շարունակելու է պատերազմել, իսկ մենք մեր քաղաքական որոշումներում պետք է լինենք հստակ և այդ քաղաքական որոշումներով պարտադրենք խաղաղություն»: