կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-13 12:53
Քաղաքական

Մի օր Ռոբերտ Քոչարյանն էլ կփոխի իր կարծիքը. Շարմազանով

Մի օր Ռոբերտ Քոչարյանն էլ կփոխի իր կարծիքը. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի` նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպմանը:

«Հանդիպման վերաբերյալ Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում մանրամասներ ներկայացրել է: Մինչև այդ հանդիպումն էլ ես բարձր եմ գնահատել առաջին նախագահի հայտարարությունը, որն ընթերցեց նրանց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Դա պետական մտածողության ցայտուն օրինակ էր: Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս առաջին նախագահի քաղաքականությունը, դուր չի գալիս, մենք համամիտ ենք, թե համամիտ չենք, մի բան փաստ է, որ այս ժամանակաշրջանում, պետության և հայրենիքի համար այս վճռական փուլում առաջին նախագահն իրեն պահեց որպես երկրի առաջին նախագահ և որպես պետական մտածողություն ունեցող գործիչ»,- նշեց Շարմազանովը և հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին իր կարծիքը փոխվել է նրա վերջին գործողություններից հետո:

«Իմ կարծիքը կտրուկ փոխվեց` կոնկրետ գործողության հետ կապված: Ես անձին չեմ գնահատական տվել, երևույթին եմ գնահատական տվել` և՛ նախկինում, և՛ հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի իմ երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահներին գնահատականներ տամ, բոլորին է վերաբերում: Ինձ դուր է գալիս, թե դուր չի գալիս, նրանք իմ երկրի նախագահներն են եղել` և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի ինստիտուտի հանդեպ  գոնե իմ կողմից մշտապես հարգանք եղել է ու կմնա, ինչպես նաև իմ երկրի հոգևոր իշխանության նկատմամբ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:  

Շարմազանովը նշեց նաև, որ  մի օր Ռոբերտ Քոչարյանն էլ կփոխի իր կարծիքը և ցանկություն կհայտնի հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:

«Տա Աստված, որ երկրորդ նախագահն էլ միանա նրանց, որովհետև այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձևավորելն է մեր հանրության մեջ: Ես արձագանքել եմ նաև հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, որ մի օր էլ նա կմտափոխվի և կմիանա համազգային միասնությանը, որովհետև այլ տարբերակ չկա: Մենք պետք է բոլորս լինենք միասնական: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, իրար միս ուտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց ՀՀԿ խոսնակը: