կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-29 16:02
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը հրապարակվել է

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը հրապարակվել է

Ի պատասխան Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ներկայացված հարցման՝ հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը. այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջից։ 

ՄԻԵԴ-ի դիրքորոշման մեջ, մասնավորապես, ասվում է.  «Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։ Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև»։

Հիշեցնենք՝ ՍԴ առաջին երկու հարցերն էին

1. Արդյոք Կոնվենցիայի 7–րդ հոդվածով սահմանվող և Կոնվենցիայի այլ հոդվածներով (օրինակ՝ 8–11 հոդվածներով) վկայակոչվող «օրենք» հասկացությանը որակական նո՞ւյն պահանջներն են (որոշակիություն, մատչելիություն, կանխատեսելիություն, կայունություն) ներկայացվում։

2. Եթե ոչ, ապա ո՞ր չափանիշներով են դրանք սահմանազատվում։

Ինչ վերաբերում է երրորդ հարցին, ապա այստեղ նշվում էր. «Արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում  ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները»։

Ըստ այդմ՝ դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելիս, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։ Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

Նշենք նաև, որ ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր արդեն իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Այս առումով դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։