կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 16:26
Հասարակություն

Կարգին մարդ էր. Գեղամ Գրիգորյանի ծրագրերը կիսատ մնացին

Կարգին մարդ էր. Գեղամ Գրիգորյանի ծրագրերը կիսատ մնացին

Տեղեկացրել էինք, որ այսօր կյանքից հեռացել է օպերային երգիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում դիրիժոր Աթանես Առաքելյանը նշեց, որ թատրոնում Գրիգորյանի հետ 10 տարուց ավելի աշխատել է, սակայն մինչ այդ էլ առնչվել է նրա հետ:

Առաքելյանը հիշեց, որ դեռ ուսանողական տարիներից, երբ ինքը ղեկավարում էր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը, Գեղամ Գրիգորյանը, որպես ուսումնարանի առաջին շրջանավարտ, շատ կապված էր իրենց հետ, իսկ տարիներ անց արդեն ինքն էր լավագույն ուսանողներին կրթաթոշակ տալիս:

«Լինելով շատ պրոֆեսիոնալ` նա մի պահանջ ուներ, որ մյուսներն էլ իրենց աշխատանքին պատասխանատվությամբ մոտենան, և շատ էր նեղվում, եթե փորձի ժամանակ ինչ-որ բան չէին հասցնում: Նա սիրում էր, որ պատրաստված լինեն  արտիստները` այնպես, ինչպես պրոֆեսիոնալ մարդը կվերաբերվեր իր գործին: Ցավոք, չհասցրեց ավելին տալ թատրոնին, քանի որ բազում ծրագրեր ուներ»,- ասաց Առաքելյանը:

Նա նշեց նաև, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գրիգորյանը խոսում էր իր ծրագրերի մասին, որ պետք է «Տոսկա» բեմադրի, հյուրախաղեր ունենա, բայց ամեն ինչ անավարտ մնաց: Գրիգորյանը, ըստ դիրիժորի, ուզում էր նաև մանկական ներկայացում բեմադրել. վերջին ամիսների մտահոգությունն էր մի քանի օպերային և բալետային մանկական ներկայացում անել, որ երեխաներն էլ շուտ ընտելանան այդ արվեստին:

«Նա շատ բան ուներ տալու մեր թատրոնին, բայց, ավաղ,  չհասցրեց: Իսկ բեմից դուրս ավելի մարդամոտ ու ընկերական էր, պարզ ու հասարակ: Հետը կանգնում, խոսում էի ու զգում` ինչքան պարզ մարդ է, բայց երբ տեսնում էի բեմի վրա, կարծես բոլորովին այլ մարդ լիներ` շատ խարիզմատիկ: Նա շատ էր սիրում երիտասարդներին և ամեն կերպ աջակցում էր նրանց: Ոնց որ Էդվարդ Միրզոյանը կասեր` կարգին մարդ էր»,- ասաց Առաքելյանը: