կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 11:44
Արցախ

Այն, որ լուծումը դեռ չի գտնվել, Հայաստանի և համանախագահների մեղքը չէ. Նալբանդյան

Այն, որ լուծումը դեռ չի գտնվել, Հայաստանի և համանախագահների մեղքը չէ. Նալբանդյան

Մոսկվայում լրջորեն անհանգստացած են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զինված միջադեպերի աճից։ Այդ մասին Коммерсант-ին հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարբերականին տված հարցազրույցում պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վատթարացման պատճառների և խնդրի կարգավորման հնարավոր հեռանկարների մասին։

Հարցին, թե ինչպե՞ս են ՀՀ-ում գնահատում Մինսկի խմբի աշխատանքի հեռանկարը, Նալբանդյանը պատասխանել է. «Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Ցավոք, հակամարտության կողմերից մեկի կարծիքն այլ է։ Այն, որ լուծումը դեռ չի գտնվել, Հայաստանի և համանախագահների մեղք չէ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորման գնալ համանախագահների առաջ քաշած առաջարկների հիման վրա։ Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները և անձամբ համանախագահներին։ Բանը հասել է նրան, որ Բաքուն նրանց անգամ իսլամաֆոբիայի մեջ է մեղադրում՝ հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում»:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ բանակցություններն այլընտրանք չունեն, և ՀՀ-ն համանախագահների հետ շարունակելու է ջանքերը խնդրի` բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Նալբանդյանը հիշեցրել է Բաքվի՝ պատերազմի տանող ագրեսիվ քայլերի, համանախագահների կոչերը անտեսելու, շփման գծում հետաքննության մեխանիզմներ կիրառելուց հրաժարվելու մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի համար ակնհայտ է մեկ բան՝ խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: