կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 21:14
Քաղաքական

«Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերը». Էդվարդ Նալբանդյան

«Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերը». Էդվարդ Նալբանդյան

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին.

Հարգելի պարոն Լավրով,

Շնորհակալություն եմ հայտնում ավանդական ջերմ ընդունելության համար:

Կարող է և կրկնվեմ. Դուք արդեն մանրամասն պատմեցիք այսօրվա բանակցությունների մասին: Բայց ես իմ կողմից կցանկանայի կանգ առնել հետևյալ կետերի վրա: Բանակցությունները բովանդակալից էին, հագեցած և, ինչպես միշտ, անցան փոխըմբռնման մթնոլորտում, ինչը և բնորոշ է դաշնակից երկրների համար:

Այցը խորհրդանշական է, քանի որ մենք այսօր տալիս ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Հայաստանի Նախագահի՝ Ռուսաստան նախատեսված պաշտոնական այցի նախապատրաստումը, մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը մեր հանդիպման հիմնական թեման էր:

Քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ համագործակցությունը քաղաքական, ռազմատեխնիկական, միջխորհրդարանական, միջտարածաշրջանային, հումանիտար, մշակութային ոլորտներում: Մենք արծարծեցինք արտաքին քաղաքական համադրման հարցեր, փոխգործակցությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում և այլ բազմակողմ միջազգային հարթակներում:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ ահաբեկչության դեմ պայքարը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, սիրիական ճգնաժամը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին՝ հայկական մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու հարցում ցուցաբերած աջակցության համար: Դա տեղի ունեցավ նաև անցյալ տարի, և երկու անգամ միայն այս ամիս:

Քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության հարցեր: Հատուկ ուշադրություն դարձրինք ղարաբաղյան կարգավորմանը, բանակցային գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Պարոն Լավրովի հետ մենք համակարծիք էինք, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անընդունելի է և վնաս է հասցնում խաղաղ գործընթացին:

Մեր կողմից կրկին ընդգծվեց 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ անժամկետ եռակողմ համաձայնագրերը պահպանելու կարևորությունը: Շեշտվեց նախորդ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Ցանկանում եմ շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների ներդրումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը՝ համանախագահների հետ, կշարունակի համատեղ ջանքերն այդ ուղղությամբ:

Հարգելի պարոն Լավրով,

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հրավերի և հարցերի լայն շրջանակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար:

Սիրելի բարեկամներ,

Ես հրավիրեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար, իմ գործընկեր Սերգեյ Լավրովին պաշտոնական այց կատարել Հայաստան:

ՀՀ ԱԳՆ