Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ` դեռևս ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է լքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Նրա խոսքով` ԲՀԿ-ում տարբեր տեսակետներ կան, տարբեր են նաև իր ու ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի տեսակետները:
«Այս պահին ես չեմ կիսում ԲՀԿ-ի քաղաքական գիծը, և, այո, դա գաղտնիք չէ` ես տարբեր անգամներ չեմ բացառել, որ կարող է դուրս գամ ԲՀԿ-ից, որովհետև գտնում եմ, որ կուսակցության պատգամավորները պետք է ներկայացնեն կուսակցության տարվող գիծը և պետք է հավատան այն գծին, որը տարվում է: Ես չեմ կարող ինքս ինձ կեղծել և տանել այն գիծը, որը պետք է տանեմ` կուսակցությունում լինելով: Այդ իսկ պատճառով մոտ օրերս ես պատրաստվում եմ լքել ԲՀԿ-ն: Ես հիմա քննարկումների մեջ եմ իմ համակիրների, իմ ընկերների հետ, նրանց հետ, ովքեր ինձ հետ եկել են ԲՀԿ, նաև այն մարդկանց հետ, ովքեր ԲՀԿ-ի անդամներ չեն, բայց իմ ընտրողներն են, համակիրներն են: Դա քննարկումների մի պրոցես է, և այս որոշումը բացառապես քաղաքական է»,- ասաց Բաբայանը:
Մեր հարցին` ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի և Ձեր քաղաքական հայացքները համընկնո՞ւմ են, նա պատասխանեց. «Ես հարգում եմ Աբրահամ Մանուկյանի դիրքորոշումները: Նա մեծ ավանդ, դերակատարում ունի ԲՀԿ-ում, և իհարկե, շատ հարցերում մենք ունենք նույն տեսակետները, բայց ուզում եմ շեշտել, որ ես իմ անձնական որոշումներն եմ կայացնում»:
Հարցին, թե առաջիկա քաղաքական հանգրվանը որտեղ է տեսնում, Բաբայանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող դա ասել, որովհետև կարծում եմ, որ քաղաքական պրոցես է, և դեռ կտեսնենք` ինչպես, ոնց: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Հայաստանում նախագահի` 2016 թվականի փետրվարի 12-ի ելույթից հետո շատ քաղաքական գործիչներ պետք է վերլուծեն այդ ելույթը և հասկանան, որ Հայաստանը կանգնած է մեծ բարդությունների առջև, և ինքնամոռաց քննադատությունների փոխարեն մենք պետք է լծվենք գործի ու փորձենք աշխատել այնպես, որպեսզի մեր երկրի քաղաքացիների և երկրի համար ինչ-որ քայլեր անենք, որպեսզի բարելավենք Հայաստանի իրավիճակը: Մենք, իրոք, պետք է լծվենք այդ գործին` անկախ նրանից, թե որ կուսակցությունում ինչպիսի իրավիճակ է, և ինչպիսի մարդիկ կան քաղաքական դաշտում, ինչպիսի հարաբերություններ, ինչպիսի մոտեցումներ: Հայաստանը փոքր երկիր է և ունի շատ վտանգներ, բայց նաև ունի մեծ պոտենցիալ: Մենք պետք է համախմբվենք, այլ ոչ թե տարանջատվենք»:
Դիտարկմանը` Սերժ Սարգսյանի ելույթից հետո՞ վերլուծություններ արեցինք և եկաք այդ եզրահանգմանը, որ պետք է դուրս գաք ԲՀԿ-ից, թե՞ ներկայիս դիրքորոշումը ներսում կուտակվածի արդյունք էր, Բաբայանն արձագանքեց. «Խոսքը միայն ելույթի մասին չէր, ես պարզապես օրինակ բերեցի: Կուտակվածի կամ չկուտակվածի հարց չկար, սրանք պրոցեսներ են, որոնց շուրջ պետք է կատարենք մեր քայլերը և մտածենք` ինչպես ենք ձևավորելու մեր քաղաքական մշակույթը, և յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` ինչպիսի թիմում պետք է աշխատի, յուրաքանչյուր քաղաքական գործիչ, լինելով այս կամ այն թիմում, պետք է ունենա իր մինիմում կոմֆորտը, որպեսզի դա իրականացնի, իսկ դիսկոմֆորտով քաղաքական գործունեություն չի կարելի ծավալել»: