Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՄԻՊ թեկնածուի հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը առաջադրել է Արման Թաթոյանի թեկնածությունը, նա մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը:
Ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, որ իր ցանկալի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ապա ներկայացրեց իր կարծիքը Արման Թաթոյանի մասին: «Միանշանակ է, որ նա իշխող կուսակցության ներկայացրած թեկնածուն է, քանի որ նրան առաջադրել է քաղաքական մեծամասնությունը: Թվում է, որ հենց այս հանգամանքը պետք է կանխորոշեր իմ դիրքորոշումը, և ես պետք է դեմ քվեարկեի: Բայց կա մի վիճակագրությունը, որն ինձ ստիպում է մտածել իմ քվեարկության մասին»,- ասաց պատգամավորը` մանրամասնելով, որ երբ ՄԻՊ պաշտոնը ստանձնեց Լարիսա Ալավերդյանը, նա սերտ կապեր ուներ նախագահ Քոչարյանի հետ և համարվում էր իշխանությունների «մարդը»: Սակայն իր պաշտոնավարման ընթացքում Լարիսա Ալավերդյանը մի քանի սկզբունքային դիրքորոշումներով հայտնի դարձավ և ապացուցեց, որ ինքը իշխանությունների կամակատարը չէ:
Հետո, Փաշինյանի խոսքով, 2006-ին Քոչարյանն առաջադրեց Արմեն Հարութունյանի թեկնածությունը, նրան նույնպես համարում էին իշխանության կամակատար: Բայց նա անսպասելի քայլ կատարեց` 2008թ. մարտի 1-ի հետ կապված հանդես եկավ անսպասելի ու օբյեկտիվ զեկույցով:
2011թ. խորհրդարանական մեծամասնության կողմից ՄԻՊ ընտրվեց Կարեն Անդրեասյանը, ով շատ սերտ կապեր ուներ իշխանությունների հետ, և նրա պաշտոնավարությունը հոռետեսություն էր առաջացնում: Սակայն, Փաշինյանի խոսքով, վերջին երեք տարում Կարեն Անդրեասյանը շատ բարձր մակարդակով է իրականացրել ՄԻՊ գործառույթը:
Ըստ պատգամավորի` փաստորեն, նախորդ ՄԻՊ-երը կարողացել են զերծ մնալ իշխանության կամակատարի պիտակից: Ուստի պետք է ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել ՄԻՊ թեկնածուին, այլ` վստահությամբ:
«Ես որոշել եմ, որ կողմ պետք է քվեարկեմ, սա չափազանց դժվար որոշում է հայ քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում: Արման Թաթոյանի օգտին քվեարկելը կապված չէ նրա անձի հետ, սա ավելի շատ պոստ ֆակտում վստահության քվե է ՄԻՊ ինստիտուտին: Ուզում եմ այս քվեարկությամբ իմ ներդրումն ունենալ այս ինստիտուտի կայացման գործում: Սա ավանսով վստահության քվե է»,- ասաց Փաշինյանը: