Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի է անցել Նոր Խարբերդում հայտնի գործարարի աղմկահարույց սպանությունից: Դեպքը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 29-ին` ժամը 12.30-ի սահմաններում, Նոր Խարբերդում` Երևան-Արտաշատ խճուղուն կից «Լիլի» հարսանյաց հանդիսությունների սրահում. երեք կրակոցով սպանվել էր սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը: Փաստի առթիվ Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ գործը ներկայումս քննվում է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ: Այս գործով ամբաստանյալի աթոռին է 5 անձ՝ Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանը, Կամո Հովհաննիսյանը, Հայկ Ասատրյանը, Արտաշ Հարությունյանը: Բացի վերջինից, մյուս մեղադրյալներն այժմ կալանքի տակ են:
Նշենք, որ Գրիգոր Խաչատրյանին էին պատկանում նշված գյուղում գործող «Լիլի» ռեստորանային համալիրը և հարսանյաց սրահը: Թեև գործարարի հարազատները պնդում էին, որ Խաչատրյանը թշնամիներ չի ունեցել, սակայն դեպքից ամիսներ անց, երբ բացահայտվեց հանցագործությունը, ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան: Նախաքննությամբ պարզվեց, որ սպանությունն ուղղակիորեն կապ ունի հիշյալ դեպքից վեց տարի առաջ կատարված` Վրեժ Հովհաննիսյանի սպանության հետ: Ըստ նախաքննության տվյալների՝ Վրեժ Հովհաննիսյանի ազգականներն այս ամբողջ ընթացում չէին էլ թաքցրել վրեժ լուծելու` իրենց մտադրությունը: Քննությանը հայտնի է, մասնավորապես, որ ասվել էր այսպիսի խոսք. «Նրանք մեր լավին են տարել, մենք էլ նրանց լավին ենք տանելու»: Նկատի էին ունեցել հենց Գրիգոր Խաչատրյանին, որը ոչ միայն հեղինակություն ու հարգանք էր վայելում Այնթապում, այլև պարբերաբար օգնություն էր ցույց տվել Արչո մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության համար դատապարտված Կարապետ Խաչատրյանին ու նրա ընտանիքին:
Նախաքննությամբ պարզվեց, որ 32-ամյա Արթուր Հակոբյանը Արչոյի եղբայր Կամոյին հանդիպելիս նրանից ստացել էր ատրճանակ, նաև համապատասխան վճար` Գրիգոր Խաչատրյանի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար: Այնուհետև գործով մեղադրյալներ Հարություն Ասատրյանը, Արթուր Հակոբյանն ու Հայկ Ասատրյանը, վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով մի քանի օր շարունակ դարանակալում են նախ Խաչատրյանի տան, ապա նաև հանդիսությունների սրահի մոտ, ճշտում են Խաչատրյանի տեղաշարժը և ծրագրում անելիքը:
Ըստ գործի նյութերի ՝ հունվարի 29-ին հիշյալ անձինք նույն մեքենայով գալիս են Այնթապ: Հայկ Ասատրյանը մեքենան կայանում է հարսանյաց սրահից քիչ հեռու և մնում մեքենայում: Հարություն Ասատրյանն ու Արթուր Հակոբյանը մոտենում են սրահին, դարանակալում ու սպասում: Համոզվելով, որ Գրիգոր Խաչատրյանը մնացել է մենակ, մտնում են նրա աշխատասենյակ, որտեղ էլ Հարություն Ասատրյանը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակում Խաչատրյանի ուղղությամբ, ինչից հետո դիմում են փախուստի:
Դեպքից երկու տարի անց էլ գործը դեռ իր վերջնական հանգուցալուծումը չի ստացել: Ներկայումս գործը դեռևս դատաքննության փուլում է, հետազոտվում են գործում առկա ապացույցները, ինչից հետո ցուցմունքներ կտան ամբաստանյալները: Դատաքննության ընթացքում ամբաստանյալներից 4-ն իրենց մեղավոր չեն ճանաչել: Նշնեք, որ արդեն մի քանի նիստ է` գործով ամբաստանյալ Հարություն Ասատրյանի ինքնազգացողությունը վատանում է, նրա համար շտապօգնության բրիգադ են հրավիրում դատարան, արդյունքում` դատական նիստերը հետաձգվում են:
Yerkir.am-ի հետ զրույցում Ասատրյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հաճախ հալյուցինացիաներ է ունենում, բացի այդ` ճնշման հետ կապված խնդիրներ ունի, և հնարավոր է` առաջիկայում պաշտպանական կողմի կամ մեղադրողի միջնորդությամբ կամ էլ դատարանի նախաձեռնությամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվի: Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Հարություն Ասատրյանը Կամո Հովհաննիսյանից ապօրինի ձեռք է բերել, այնուհետև Արթուր Հակոբյանի հետ ապօրինի պահել, կրել է ատրճանակ, 4 փամփուշտ, ինչպես նաև Արթուր Հակոբյանի օժանդակությամբ, Կամո Հովհաննիսյանի պատվերով, շահադիտական դրդումներով կատարել է Գրիգոր Խաչատրյանի սպանությունը:
Այս գործով հերթական դատական նիստը նշանակված է փետրվարի 1-ին: