կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 17:12
Մշակույթ

Ամփոփվել է արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարը

Ամփոփվել է արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշարը

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում ամփոփվել է արգենտինական տանգոյի աշակերտական մրցաշարը, որն անցկացվում է ՀՀ ԿԳ նախարարության և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան միջև կնքված հուշագրի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Մրցաշարին մասնակցել են Երևանի տարբեր ավագ դպրոցներից ընտրված 28 աշակերտներ՝ 14 պարային զույգ: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին դեսպանատան ու նախարարության, ինչպես նաև պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով պարային մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է մշակութային ծրագրերի իրականացումը հանրակրթական դպրոցներում:

 «Մենք հիմնական դպրոցում կարողացանք հաջողությամբ ներդնել ազգային պարի ուսուցումը: Այսօրվա մրցաշարը դպրոցներում պարի ուսուցման տրամաբանական շարունակությունն է և հաճելի է տեսնել, որ մեր ավագ դպրոցներում ունենք նաև տանգոյի երկրպագուներ»,-նշել է Մկրտչյանը՝  հավելելով, որ այս մրցաշարում հաղթողներին ընտրելը ունի զուտ խորհրդանշական նշանակություն, քանի որ դիտարժան պարի մատուցումը արդեն հաղթանակ է: Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ևս շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ նշելով,որ ինքը լինելով արգենտինացի ստիպված է խոստովանել, որ տանգո պարելու հարցում մրցույթի մասնակից դպրոցականների չի կարող ուժերը չափել. «Դուք բոլորդ ինձնից լավ եք պարում»,- նշել է դեսպանը:

Ժյուրիի որոշմամբ առաջին տեղը գրավել են Սոֆի Անդրեասյանն ու Էրիկ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Ալեքսանդր Շամիլյանն ու Մարիաննա Գևորգյանը, երրորդ տեղը՝ Էրիկ Հովհանիսյանն ու Սյուզաննա Հրաչիկյանը: Նշենք, որ ՀՀ ԿԳՆ-ի և Արգենտինայի դեսպանատան միջև արգենտինական տանգոյի դպրոցական մրցաշար կազմակերպելու հուշագիրը ստորագրվել է այս տարվա նոյեմբերին, որից հետո աշակերտների համար մոտ մեկ ամիս կազմակրպվել էին տանգոյի անվճար դասընթացներ:

 

ՀՀ ԿԳՆ