| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջանը դարձյալ աչքի ընկավ ոչ ստանդարտ պահվածքով: Նա խոսափողին մոտեցել էր համակարգչով և ինչ-որ երգ էր միացրել, միաժամանակ հարցնում էր. «Լսվում է՞»: Նշենք, որ ոչինչ չէր լսվում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցածրաձայն դիմեց կողքին նստած Հերմինե Նաղդալյանին. «Հիմա սրա հետ ես ո՞նց վարվեմ»: Նա սկզբում որոշեց անջատել Փոստանջյանի խոսափողը, հետո փոշմանեց և հորդորեց դահլիճում նստածներին մի քիչ համբերել: «Համբերեք, մի քիչ հետո կանցնի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Զարուհի Փոստանջյանը, տեսնելով, որ ձայնագրությունը չի լսվում, որոշեց ասել ինչի մասին է խոսքը: Պարզվում է` նա ցանկանում էր մի երգ լսեցնել, որում խոսվում է իշխանությունների մասին, որոնցից պետք է ազատվել:
«Ձեզ, պարո\'ն Սահակյան, հորդորում եմ զուսպ լինել, որովհետև երբ Դուք այդպես անզուսպ եք Ձեզ պահում, Ձեր ետևից ահավոր բաներ են խոսում մարդիկ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Կարևորը` քո դիմացից են խոսում»:
Պատգամավորը խոսեց, խոսեց, նրա ժամանակը անցավ, սակայն այդպես էլ հարց չուղղեց: Գալուստ Սահակյանը որոշեց խոսքը փոխանցել հաջորդ հարց տվող պատգամավորին: Սակայն Զարուհի Փոստանջյանը համառեց` ասելով` թող կառավարությունը պատասխանի իրեն: Գալուստ Սահակյանը զարմացավ. «Ձերը երգ էր, շաբաշ տվող էլ չկար, ի՞նչ պիտի պատասխանի կառավարություն: Էլ մի փորձեք Ձեզ ընդգծել»: