Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունումը քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը դրական է համարում: Ըստ նրա` նոր Սահմանադրությամբ նախադրյալներ կստեղծվեն ավելի բարեկեցիկ ապրելու համար:
«Նայեք ու տեսեք` ովքեր են դեմ սահմանադրական բարեփոխումներին` մարդիկ, ովքեր այս երկիրը կործանել են: Ես չեմ վստահում ընդդիմությանը, ճիշտ ընդդիմությունը նոր պետք է հասունանա, ժամանակը կբերի դրան: Բայց ընդդիմությունը նրա համար չէ, որ պայքարեն միայն պաշտոնի, աթոռի համար, այլ նրա, որ քաղաքացիական հասարակություն ձևավորեն: Այսինքն` ժամանակ է պետք, Ամերիկան 300 տարում կառուցեց այն, ինչ հիմա ունեն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը:
Ըստ նրա` սա այն ընդդիմությունն է, որը քայքայիչ բաներ է խոսում Ռուսաստանի դեմ` հաշվի չառնելով, որ այսօր ռուսները մեզ համար դարձել են Չինական պարսպի պես մի բան:
Ընդդիմությունը, ըստ Առաքելյանի, շատ խիստ է նայում ամեն ինչին, սակայն պետությունը միանգամից չեն կառուցում, դանդաղ ենք գնում դեպի զարգացում:
«Պառլամենտական կառավարում ունեն մի շարք երկրներ` Անգլիան, Իսրայելը, պետություններ, որոնք եվրոպական են, չունեն այնպիսի գռեհիկ շրջապատ, ինչպիսին մերն է: Իսկ մենք ի՞նչ հարևաններով ենք շրջապատված` գռեհիկներով, և դրա համար մեզ պետք է ուժեղ մի դաշնակից, որն այսօր ՌԴ-ն է: Մենք կամաց-կամաց, բայց, այո, առաջ կգնանք»,- ասաց քանդակագործը:
Ըստ նրա` մենք գիտենք, որ ժողովրդի վիճակը լավ չէ, ճահիճ է երկիրը, բայց դա, ըստ Առաքելյանի, եկել է 1988-ին, և այդ առուն սարքել են նրանք, ովքեր այսօր գոռում են, թե այսպես չի լինի: «Բա ժամանակին չէի՞ք մտածում, որ այսպես չի լինի»,- ասաց նա:
Առաքելյանի կարծիքով` հաջորդ քայլը պետք է լինի այն, որ քաղաքացիական հասարակություն ունենանք: «Ուզո՞ւմ ենք Սինգապուր ունենալ` ոչ, մենք դեռ չենք կարող: Օրենքն է փրկում աշխարհը, բայց քաղաքակրթության տանող օրենքը, ոչ թե` ջունգլիների, ես ատում եմ ջունգլիների օրենքը: Քաղաքակրթությունն է հարթում բոլոր ճանապարհները»,- ասաց նա:
Առաքելյանն, այնուամենայնիվ, նշեց նաև, որ նոր Սահմանադրություն ունենալուց հետո պետք չէ միանգամից կախարդական փայտիկի էֆեկտը փնտրել, համբերել է պետք: