կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 17:17
Առանց Կատեգորիա

Ոչ մի անգամ այսքան սուտ չի ասվել, որքան այս քարոզարշավին. Ֆերդինանտ Առաքելյան

Ոչ մի անգամ այսքան սուտ չի ասվել, որքան այս քարոզարշավին. Ֆերդինանտ Առաքելյան

Yerkir.am-ի զրուցակիցը քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն է:

Ո՞ւր են հայտնի ՀՀԿ-ականները

Կուսակցությունները ստերի վերջնակետին են հասել ու չգիտեն` էլ ինչ սուտ ասեն, նոր բան չեն կարողանում ասել և չեն էլ կարողանում վիճակը փոխել: Ոչ մի անգամ անգամ այսքան սուտ չի ասվել, որքան այս քարոզարշավին: Ասում են` աշխատավարձերը կբարձրացնեն, թոշակները կավելացնեն, բժշկությունն ու կրթությունն անվճար կսարքեն, բայց ինչպե՞ս, չեն ասում: Ես հաշվարկ եմ արել` նրանց ասածները չեն տեղավորվում մեր բյուջեում: Չգիտեմ, երևի ուղղակի սիրում են ժողովրդին խաբել: Սուտ չի խոսում միայն երկու կուսակցություն` ՀՅԴ-ն ու Կոմկուսը, նրանք երբեք սուտ չեն խոսում ու զուսպ են: Իսկ վարչապետը ՀՀԿ-ի քարոզարշավը լավ է իրականացնում, չնայած այն նայելիս հարց է առաջանում` իսկ ո՞ւր են մնացածը, ո՞ւր են հայտնի ՀՀԿ-ականները: Մի դեպք հիշեցի` զինվորներից մեկն ադմիրալ Ալեքսանդր Կոլչակին է մոտենում ու ասում, թե ժողովուրդը բոլշևիկների կողմն է անցնելու, որովհետև նրանք խոստումներ են տալիս` բանվորներին շատ արտոնություններ կտանք, հողը գյուղացունն է, իսկ մենք ոչ մի խոստում չենք տալիս, մեր թիկունքին ո՞վ է կանգնելու: Կոլչակը հիանալի պատասխան է տալիս` ասելով, թե` ես ինչպե՞ս խոստում տամ, եթե դա չեմ կարող անել: Իսկ մեզ մոտ, մեր կուսակցությունների մոտ ամեն ինչը ստի վրա է հիմնված:

Զարմացած եմ Ծառուկյանի վրա. աշխարհում չեղած բան է, որ բարերարը դառնա օլիգարխ

Եթե մեկ սանտիմետր առաջ գնանք այս ընտրություններում, մեծ հաղթանակ կարելի է համարել, այսինքն` մենք 10 աստիճան պետք է բարձրանանք, որ հասնենք մեր ուզած «բարձրությանը», իրավիճակին, բայց եթե այս ընտրություններին մեկ աստիճան էլ բարձրանանք, մեծ բան կլինի: Բայց կասկածում եմ, որ նման բան կթույլատրեն: Բացի այդ` ես ուղղակի զարմացած եմ Ծառուկյանի վրա. աշխարհում չեղած բան է, որ բարերարը դառնա օլիգարխ, եթե օլիգարխը դառնա բարերար, ուրիշ է, «կարելի» է: Հին Հունաստանում առաջին բարերարը եղել է Մեկենասը, նա այն մարդն  էր, ով կառուցեց աշխարհի առաջին մեծ գրադարանը: Երբ բարերարը դառնում է օլիգարխ, ծանր հետքեր կարող է թողել:

Ժողովուրդը որքան մեծ պահանջներ ունի, այնքան շատ էլ հիասթափվելու է

Մարդիկ հիասթափված են, շատ են հիասթափված: Ժողովուրդը որքան մեծ պահանջներ ունի, այնքան շատ էլ հիասթափվելու է, նրանք` խոստումներ տվողները, չեն կարողանալու այդ խոստումները կատարել: Մարդը թույլ էակ է, նա հիանալ գիտի, նաև հիասթափվել գիտի: Որքան խոստում տվեցիր, այնքան կկործանվես ու կկործանես ժողովրդին: 1988-ին ինչ խանդավառություն կար, իսկ հիմա միայն հիասթափություն է տիրում մարդկանց մոտ: Մեր երկիրը պահելու համար շատ բան պետք չէ, միայն պետք է աշխատատեղ ստեղծել:

Գյուղացիներին այն վիճակի մեջ են գցել, որ ոչ թե մշակ, այլ ճորտ են դարձել

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ երբ պաշտոնյաները գնում են գյուղեր, գյուղացիները շատ են ջերմ ընդունում, ու անգամ դեպքեր եղան, որ թեկնածուներից մեկի ոտքերն էին ընկել, ապա միայն մի բան կարող եմ ասել` գյուղացուն հանգիստ թողեք: Գյուղացու հոգեբանությունը շատ լավ գիտեմ, նա հողի մշակ է, չպետք է շահագործել նրա համբերությունը: Նա պետք է աշխատի ու ստեղծի ժողովրդի համար այն, ինչ պետք է: Բայց մարդկանց այսօր այն վիճակի մեջ են գցել, որ նա այլևս մշակ չէ, ճորտ է: Բանկերն այնպիսի վիճակի մեջ են գցել ժողովրդին, որ ասելու չի. տեսե՞լ ես մի երկիր, որն արտադրություն չունի, փող չունի, արժեք չունի, բայց բանկերը ծախս ունեն: Եթե ձեր տանը ոչ ոք չաշխատի, հնարավո՞ր է` ձեր տունը գնալով բարգավաճի, իհարկե` ոչ, ուրեմն թալանում են երկիրը: Այսօրվա բանկերը ժողովրդի թալանի վրա են կառուցված, որ նրանք հավաքվում են ժողովի, ինձ թվում է` գողական խորհրդակցություն են սկսում` «սխոդկայի» են ելնում:

Մենք հիմա գնում ենք մի միջանցքով, որի ձախ կողմում մեր թալանչիներն են, իսկ աջում` գրանտակերները

Հույսներս պետք է դնենք հավատքի ու միաբանության վրա: Ամենահանճարեղ ու ամենաուժեղ բանը միաբանությունն է` պիտի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանք պայքարել ու հաղթել, այլ կերպ հնարավոր չէ: Գիտե՞ս` ինչի է նման. մենք հիմա գնում ենք մի միջանցքով, որի ձախ կողմում մեր թալանչիներն են, որ ժողովրդին հասցրել են այս վիճակին, իսկ աջ կողմում` գրանտակերները, որ Եվրոպայից փողեր են բերում և մոռացել են ժողովրդին: Ժողովուրդն այդ միջանցքով գնում է և ոչ թե բարձրանում է վերև, այլ ուղիղ է գնում ու հեռվում լույս էլ չի տեսնում: Հեղափոխությունները մի բանի վրա են զարգանում` ռոմանտիզմի, իսկ մենք հույս չունենք, որովհետև հեռվում լույսը չենք տեսնում:

Կարինե Հարությունյան