Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սա կանխված դեպք է, լավ է, որ մենք կանխված դեպքի հետ ենք գործ ունենում, այլ ոչ` հետևանքների. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով երեկ Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքին:
Պողոսյանի խոսքով` այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի երևույթի, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են ունենալ անօրինական զենք: «Կարևոր է` ինչպես է քննությունը գնալու, և գտնվելո՞ւ են, արդյոք, այն մարդիկ, ովքեր վաճառել են այդ զենքը: Արդյոք դրսի՞ց է եկել այդքան զենքը: Եթե` այո, այստեղ պարզ է դառնում, որ սահմանին խնդիր կա, և զենքի անօրինական վաճառք է եղել: Սրանք շատ կարևոր հարցեր են: Բոլորիս հետևողականության տիրույթում պետք է լինեն այս հարցերը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` երեկվա դեպքի հետ կապված միանշանակ դատողություններ անելը դժվար է, քանի որ հնարավոր է` բավարար տեղեկատվության պակաս կա, և պետք է հանգամանքները լավ ուսումնասիրել: «Ստացվում է`իրավապահ մարմիններն ունեին տեղեկություններ և հետևում էին այդ ամենին: Հարց է առաջանում` ինչո՞ւ են սպասել մինչև այդ օրը և ավելի վաղ չեն կախել: Հնարավոր է սպասել են, որ ավելի շատ բան բացահայտվի: Կա հետևյալ խնդիրը` ինչպե՞ս են տարբեր մարդիկ օգտագործում այս ամենը` իրենց շահերը վեր հանելու համար»,- ընդգծեց Պողոսյանը` հավելելով, որ իշխանությունները փորձելու են հօգուտ իրենց օգտագործել դեպքը, ընդդիմադիրներն էլ` իրենց օգտին:
Նրա խոսքով` ավելի լավ կլիներ, որ այլ տարբերակ ընտրվեր այս դեպքը կանխելու համար, սակայն չբացառեց նաև, որ այս տարբերակն էր լավագույնը: Ըստ պատգամավորի` կարևորն արդյունքներն են:
«Երկու օր է` բոլորը սրա մասին են խոսում: Ինչո՞ւ ԱԱԾ-ն չէ, որ տալիս է տեղեկությունը: Չէ՞ որ նույն պետական կառույցը բոլորովին այլ բառապաշար է օգտագործում: Շատերն ասում էին` ահաբեկչություն է կանխվել, մինչդեռ` ԱԱԾ-ն նման ձևակերպում չի արել: Շատ կարևոր են ուղղորդման մեխանիզմները: Մարդիկ անօրինական զենք էին պահում, բայց ի՞նչ նպատակով են դա պահել, քննությունը կբացահայտի: Որևէ քաղաքական գործընթացի խնդիր չեմ ուզենա տեսնել այստեղ, ցանկացած անզգույշ քայլ կարող է վատ հուն ունենալ, բայց ամեն սցենար էլ պետք դիտարկել»,- ասաց Թևան Պողոսյանը` քաղաքացիներին կոչ անելով` լինել ավելի զգոն ու նրբանկատ:
«Կան տարբեր թշնակամական ցանկություններ Հայաստանի հանդեպ: Դրսի ուժերի հետ էլ կապ կարող է լինել: Չէի ուզենա ներսի քաղաքական ուժերի հետ կապ տեսնել, բայց որևէ սցենարի բացառում, վատ զարգացման կարող է բերել: Ապացույցների բացակայության դեպքում նման հայտարարություններ անելը սխալ է: Բոլոր կողմերը տեղեկատվական այնպիսի միջավայր են ստեղծելու, որ իրենց ուղղությամբ տանեն: Պետք է լինենք նրբանկատ` սխալ ուղղությամբ չշարժվելու համար, առջևում քաղաքական լուրջ գործընթացներ են, և պատկան մարմինները պետք է պարբերաբար ինֆորմացիա հաղորդեն, որպեսզի մարդկանց վստահությունը շահեն»,- ասաց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ԱԱԾ աշխատակիցները երկար ժամանակ լրագրողների մուտքն այդ տարածք արգելելուց հետո հեռացել են, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներն անարգել կարողացել են մտնել այդ տունը: Պողոսյանի խոսքով` ԱԺ-ում պետք է լսումներ կազմակերպվեն` պարզելու, թե արդյո՞ք ԱԱԾ-ն իրավունք ուներ լրագրողներին թողնելու այդ տուն: