Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերն ասում են` եթե իշխանությունն է նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները, ուրեմն` նրա շահերից է ելնում, և հենց այս հիմնավորմամբ էլ «Ոչ» են ասում մի ամբողջ նախագծի: Նման կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աշտարակցիների հետ:
Ըստ նրա` եթե այս նախաձեռնությանը «Ոչ» ենք ասում, մեզ մնում է այսօրվա վիճակը, երբ բոլորը դժգոհ են` ընդդիմություն, իշխանություն, քաղաքացի: Ստացվում է, ըստ Մինասյանի, որ այս դժգոհությունը համարում ենք ավելի ճիշտ, քան փոփոխությունը, ինչն էլ նշանակում է` կեղծում ենք ինքներս մեզ` չենք ուզում, որ փոփոխություն լինի:
«Սահմանադրական բարեփոխումներն ապահովում են ԱԺ ընտրության երկրորդ փուլ` սա կարևոր է մեկ նպատակի համար` պառլամենտական բոլոր երկրների փորձը ցույց է տվել, որ հաճախ փոփոխվող կառավարությունն ինքը երկիրը տանում է դեպի անորոշության, անկայունության: Օրինակ, Իտալիայում 4-5 անգամ կառավարություն էր փոխվել, որպեսզի սա տեղի չունենա, կայուն խորհրդարանական մեծամասնության գաղափարն է մտնում ուժի մեջ: Այսինքն` եթե առաջին փուլում որևէ ուժ չի ստացել 50 տոկոսից ավել քվե և որոշակի ժամանակում առաջին փուլով պառլամենտ անցած ուժերը չեն ձևավորել այնպիսի մի կոալիցիա, որը 54 տոկոս և ավելի քվե կունենա պառլամենտում, նշանակում է` պետք է անցկացվի ընտրության երկրորդ փուլ»,-ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև, որ շատերն ասում են` ինչո՞ւ է պետք անցկացնել երկրորդ փուլ` դրա փոխարեն թող նոր ընտրություն լինի, բայց նոր ընտրությունը, ըստ Մինասյանի, նորից նույն պատկերն է բերելու` երկիրն անորոշության մեջ է հայտնվելու. «Երկրորդ փուլի կարևոր գաղափարը հետևյալն է` վիճարկվելու է, թե որ ուժը կամ միավորումն է ձևավորելու կառավարություն, իսկ կառավարություն ձևավորող ուժին ժողովուրդն իր անմիջական քվեով վստահում է, և մյուս ուժը մեխանիկորեն դառնում է ընդդիմություն: Բայց ընդդիմությունը չի կորցնում ամեն ինչ, ինչպես այսօրվա համակարգում է, ինչն էլ նշանակում է` իշխանությունն ուզի, թե չուզի, պետք է երկխոսի ընդդիմության հետ»:
Սահմանադրական բարեփոխումների հաջորդ կարևոր կետը Մինասյանի հավաստմամբ այն է, որ դատախազը, սահմանադրական դատարանի դատավորները, վճռաբեկ դատարանի անդամները` առանց ընդդիմության չեն կարող նշանակվել:
Սա, ինչպես նշեց Մինասյանը, նշանակում է, որ ընդդիմությունը ստանձնում է պատասխանատու դեր, և եթե իշխանությունը սանձնազերծվում է, այդ ժամանակ ընդդիմությունը կարող է և իրավունք ունի պատժելու իշխանությանը:
«Սա իրական և էական առաջընթաց է, մի շարք քաղաքական ուժերի և մեր քաղաքացիների իրական պահանջը: Իրականում սա մեր, մեր ժողովրդի հաջողությունն է, որ իշխանությունը համաձայնվել է գալ այս փոփոխություններին: Ինչո՞ւ մինչ այժմ բոլոր իշխանությունները չէին համաձայնվում, որովհետև բոլորը տեսնում էին, որ եթե այս համակարգից հրաժարվեն, կարող են կորցնեն հետագայում իշխանություն վերցնելու հնարավորությունը: Փոփոխությունն անցնելու դեպքում` իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը: Այո, մեք ողջունում ենք իշխանությունների կամքն ու ցանկությունը գնալու այս փոփոխություններին, իշխանությանն ասելով` «Կեցցե՛ք», որ այս փոփոխությունն անում եք, բայց, միաժամանակ, պետք է շարունակենք այս փոփոխությունը, և այն խորության պետք է շարունակենք, մինչև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է դառնա վստահորդը իր ձայնի»,-ասաց Մինասյանը` հավելելով, որ ընտրական համակարգի փոփոխությունն այդ տեսակետից սկզբունքային նշանակություն ունի:
Մինասյանի հավաստմամբ` եթե մինչ այս Սահմանադրության մակարդակով ամրագրված ընտրությունների համար պատասխանատու անձ կամ ինստիտուտ չկար, չկա պատասխանատու մի անձ, որը կենթարկվի պատասխանատվության` ոչ արդար ընտրությունների համար, ապա նոր Սահմանադրության մեջ ամրագրված է, որ այդպիսի մարմին է այսուհետ լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
«Սա նշանակում է, որ մենք հետայսու կունենանք կոնկրետ սուբյեկտ` ազատ և արդար ընտրություններ ունենալու համար: Յուրաքանչյուր քաղաքական ուժ չպետք է ընտրությունների վարչարարությունն իր վրա վերցնի, քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցչի խնդիրը չէ ընտրության ժամանակ դիտորդ լինել` դա պետության խնդիրն է»,-ասաց Մինասյանը:
Մինասյանի հավաստմամբ` Սահմանադրական բարեփոխումներով մեր երկրում հաստատվում է անհամեմատ ավելի անկախ դատական ինստիտուտ: Այսօրվա անկախ դատարանների համակարգը ընդամենը թղթի վրա է գրված, որ անկախ են, քանի որ դատարանները կազմավորվում են, դատավորները նշանակվում և ազատվում են մեկ կենտրոնի` նախագահի կողմից:
Հիմա, ըստ Մինասյանի, առաջարկվում է, որ բարձրագույն դատական խորհուրդը, որը տասը հոգուց է բաղկացած, իրենք են պատասխանատու անկախ դատական համակարգի ձևավորման համար, իսկ Վճռաբեկ դատարանը ձևավորվում է պառլամենտի կողմից. «Սահմանադրական դատարանի դատավորն էլ չի նշանակվում ցմահ, այլ մեկ անգամ` 12 տարի ժամկետով ու վերջ, այսինքն` նա կախված չէ այն ուժից, որը երկրորդ անգամ կարող է իրեն էլի նշանակել, քանի որ երկրորդ անգամ նշանակելու իրավունք չունի: Սա նշանակում է, որ մենք դատարանների կազմավորման մեխանիզմը կտրեցինք գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների կողմից անմիջականորեն ազդվելու հնարավորությունից»:
Մինասյանի հավաստմամբ` այսուհետ դատավորն ինքը պատասխանատու է լինելու իր կայացրած որոշման համար: