կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 09:38
Հասարակություն

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար պետություն. Սերժ Սարգսյան

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար պետություն. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է՝ կառուցել ազատ, ժողովրդավարական և սոցիալական պետություն: Այդ նպատակը հստակ արտահայտված է մեր երկրի Հիմնական օրենքում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը անցած տարիների ընթացքում մեր պետության և ողջ ժողովրդի համար եղել է ամուր իրավական հենարան նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում: Բնականաբար, այդ ընթացքում մեր հասարակական և քաղաքական կյանքում տեղի էին ունեցել զգալի փոփոխություններ, որոնք հասունացրել էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչը և այսօր մեր երկրում իրականություն է դարձել:

Ինչպես գիտեք, այժմ մենք գտնվում ենք անցումային փուլում: Մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: Մեր համոզումն է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակը ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար:

Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ և մաղթում, որ մենք անվերապահորեն հավատարիմ լինենք մեր Սահմանադրության տառին և ոգուն»: