Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը ծավալուն հարցազրույց է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հետ:
-Միհրան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալում է, ի՞նչ հետևություններ ես արել քեզ համար:
-Հետևությունները, որ արել եմ շատ քննադատական են: Քանի որ կան մի քանի սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ, հղկեմ: Ինձ մնում է գրեթե մեկ տարի, ավելի քիչ, որ աշխատեմ դրանց վրա և ինձ ավելի կատարելագործեմ:
-Տարվա ամենաքննարկված և քննադատված թեման Բաքվի Եվրոպական խաղեր էին, որտեղից դու վերադարձար Հայաստանի համար միակ արծաթե մեդալով: Ի՞նչ էր քեզ համար այդ մեդալը:
-Որպես մարզիկ, այն ինձ համար մեդալների քանակի ավելացում էր և հնարավորություն՝ մասնակցելու այլ մրցաշարերի: Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Անկեղծ ասած՝ շատերը կարող են ասել, որ այնտեղ գնալը վտանգավոր քայլ էր, բայց անձամբ ինձ համար այն մարզական մեծ տոն էր: Ինձ համար հաճելի էր պայքարել այնտեղ, քանի որ կրծքիս հայկական գերբն էր, իսկ թիկունքիս՝ հայկական ազգանունս: Ինձ հաջողվեց մեդալ նվաճել, ինչի մասին խոսեցին շատերը:
-Բաքվի խաղերից հետո ուշադրությունը մեծացավ քո նկատմամբ, արդյոք չե՞ս մեծամտացել:
-Այդ մասին պետք է մարդիկ ասեն: Կարծում եմ՝ ոչ: Շրջապատողների համար ավելի ակնհայտ է:
-Ռիոյի Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Մասնագետների կարծիքով Միհրան Հարությունյանն ունակ է ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Ի՞նչ էպետք քեզ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար:
-Ձեր հավատը:
-Միհրան, ծանոթացար «Օլիմպավան»-ին: Ինչ տպավորություն թողեց այն քեզ վրա:
-Շատ լավն է:
-Կօգնի՞ ձեզ հետագա հաջողությունների հասնելու համար:
-Կարծում եմ այո, քանի որ ինձ համար ևս երազանք էր Հայաստանում տեսնել նմանատիպ կառույց: Մենք զգում էինք նման կառույցի կարիքը: Կարծում եմ, շատերն այստեղ կմարզվեն և հենց այս ամենից շատ բան կախված կլինի: «Օլիմպավանը» շատ կօգնի մեզ:
-Միհրան, մեկ անգամ չէ, որ ասել ես, որ քեզ համար տարբերություն չկա, թե որտեղ ես մարզվում՝ դահլիճում, փողոցում: Արդյո՞ք մարզիկի համար մեծ դեր ունի մարզասրահը:
-Մարզիչների վերաբերմունքը, մարզումների սեփական մեծ ցանկությունը և մթնոլորտը մեծ նշանակություն ունեն: Այո, դուք ճիշտ եք, միշտ էլ ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կմարզվեմ: Բայց դա չի նշանակում, որ պետք է նախապատրաստվել վատ պայմաններում: Այս պայմաններն շատ ավելի լավն են: Հոգեբանորեն մեզ համար ավելի հարմարավետ կլինի նախապատրաստվելը:
-Մինչև տարվա վերջ ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել:
-Դեռևս ոչ մի բան չեմ պլանավորում: Միգուցե մինչև տարվա վերջ մասնակցեմ ինչ որ մրցաշարերի: Կրկին ինձ փորձեմ և երկրպագուներին ինչ որ բան ևս նվիրեմ՝ ինչ որ տեղ նաև փորձ հավաքեմ:
-Հաջորդ մեծ մեկնարկը Եվրոպայի առաջնությո՞ւնը կլինի:
-Կարծում եմ՝ այո:
Հարցազրույցն ամբողջությամբ` ՀԱՕԿ պաշտոնական կայքում: