կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-07 17:19
Հասարակություն

«Սպայկա»-ն նախատեսում է կրկնապատկել արտահանման ծավալները. Սերժ Սարգսյանն այցելել է ընկերություն

«Սպայկա»-ն նախատեսում է կրկնապատկել արտահանման ծավալները. Սերժ Սարգսյանն այցելել է ընկերություն

Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ (ներկայումս ընկերությունն ունի շուրջ 300 աշխատակից): Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերությունը, ըստ պատասխանատուների, մտադիր է 2016-2017թթ. կրկնապատկել արտահանման ծավալները` ներգրավելով հավելյալ ներդրումներ՝ բեռնատար մեքենաների քանակի ավելացման, ջերմոցային տնտեսությունների և սառնարանային համալիրների ստեղծման նպատակով: 2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել «Վոլվո», «Ռենո», «Բերնարդ», «Կրոնե» և «Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): «Սպայկա»-ում նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից 2010-2015թթ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում իրականացված ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակներում ստեղծվել է հայկական թարմ և վերամշակված գյուղմթերքը միջազգային շուկաներում արդյունաբերական մասշտաբներով իրացելու կայուն մեխանիզմ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Արարատի մարզ: Մասիս քաղաքում Նախագահն այցելել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող՝ ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր», ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Ընկերությունների արտադրամասերում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2010թ.-ից ի վեր «Գրանդ Մաստեր» ընկերության վերազիննման և արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15.9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 250 աշխատակից՝ 183,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 10,542,320 հազար դրամ, որը 52.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ըստ ընկերության պատասխանատուների, 2010-2015թթ. ընթացքում «Մասիս Տոբակո»-ի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5.1 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվել են 318 ծխախոտի չորացման խցիկներ, որոնցից 228-ը տեղակայված են Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում, իսկ 90-ը` Ասկերանի և Մարտունու շրջաններում: 2015թ. մշակվել է 620 հա հողատարածք, որից ակնկալվում է մոտ 10,000 տ. ծխախոտի հումքի մթերում: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 2,089,540 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 83%-ով:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում 2010-2015թթ. ընթացքում արտադրական սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման նպատակով ներդրվել է շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 1,330 աշխատակից՝ 172,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Թողարկվող արտադրանքի 90% արտահանվում է 20-ից ավելի երկիր: 2015թ. 10 ամսվա ընթացքում իրացման հասույթը կազմել է 42,914,244 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 41%-ով ավելի է:

Մարզում Հանրապետության Նախագահն այցելել է նաև Տափերական համայնքում գտնվող «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ: Ընկերությունը հիմնականում արտադրում է կոնյակ և գինի: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Գերմանիա: Նախագահը ծանոթացել է ընկերության ներդրումային ծրագրերին, որոնց շրջանակներում գործարանի տարածքում կառուցվում է պտուղբանջարեղենի վերամշակման, այդ թվում՝ տոմատի մածուկի արտադրության արտադրամաս: Այն, ըստ պատասխանատուների, ունենալու է տարեկան շուրջ 10,000 տոննա պտուղ-բանջարեղենի մթերման և վերամշակման հզորություն: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2016թ. մթերման սեզոնի սկիզբը: Բացի այդ, կառուցվում է կոնյակի հնեցման նոր մառան, և վերակառուցվում են հնեցման նախկին մառանները, որոնք հնարավորություն կտան արտադրության փաստացի ծավալներն ավելացնելու մոտ 20%-ով: Նախագահին ներկայացրել են, որ ներդրված միջոցների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից ավտոմատ հոսքային գիծ՝ շշալցման արտադրամասի և նոր սարքավորումների՝ կոնյակի սպիրտի թորման ու սառեցման համար:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Սուրենավան համայնքում այցելել է բիտումի գործարան, որի արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրելու ամսական մինչև 3 հազ. տոննա բիտում: Լրիվ հզորության անցնելու դեպքում, գործարանը հնարավորություն կունենա տարեկան արտադրել մինչև 43 հազ. տոննա արտադրանք՝ աշխատակիցների քանակը ներկայիս 39-ից հասցնելով 50-ի: Բիտումի նշված ծավալները կբավարարեն Հայաստանի և ԼՂՀ ճանապարհային պահանջարկի մեծ մասը: Հումքը մատակարարվում է երկաթգծով, հիմնական մատակարարն է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ընկերությունում տեղադրված ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս արտադրելու Հայաստանի կլիմայական պայմանները բավարարող բարձրորակ բիտում: