կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 17:20
Քաղաքական

Քարոզարշավի կարիք մարզպետը չի տեսնում

Քարոզարշավի կարիք մարզպետը չի տեսնում

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը չի համարում, որ հարկավոր են քարոզարշավը կամ բակային հանդիպումները: «Միգուցե անենք քարոզարշավ, բայց ես չեմ գտնում, որ պետք է անենք կամ էլ պետք է բակային հանդիպումներ ունենանք: Ես դրա կարիքը չեմ տեսնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:  

Մարզպետը հայտարարեց, որ առնվազն 25 տարի է, ինչ ընտրությունների կենտրոնում է կանգնած: «Էնպես չի, որ պտի գնաս, մարդկանց քարոզարշավի  ժամանակ ասես, որ սա լավ է: Էսի էն ընտրություններն են, որ ընդհանրապես դու պետք է քո աշխատանքն անես անցած հինգ տարիների ընթացքում: Այսինքն` ի՞նչ ես արել էս գյուղում, ի՞նչ աջակցություն ես ցուցաբերել էս մարզին, ի՞նչ ես արել մարդկանց համար: Ու եթե մարդկանց օգնել ես ու էդ մարդկանց կողքին կանգնել ես, բնական է, որ իրանք գալիս են, քո կողքին են կանգնում ցանկացած ընտրության ժամանակ»,- համոզմունք հայտնեց Սահակյանը` հավելելով, որ իր սեփական փորձն է թույլ տալիս նման եզրահանգումներ անել:

«Եթե չես օգնել,  ինչքան ուզում ես քարոզարշավ արա, ինչքան ուզում ես գնա, բացատրի, չեն էլ ընդունի քեզ»,- ընդգծեց նա:

Մեր դիտարկմանը, թե մարդկանց զգալի մասը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչին է կողմ կամ դեմ քվեարկելու, և քարոզարշավի նպատակներից մեկն էլ ժողովրդին իրազեկելն է, մարզպետն անմիջապես, իր նախորդ ասածները սրբագրելով, պատասխանեց, որ  իրենք երկուշաբթի օրվանից անպայման սկսելու են ակտիվ աշխատել: «Անպայման մասնակցություն ենք ունենալու, անպայման պետք է լինենք համայնքներում, անպայման զրուցելու ենք մարդկանց հետ, այն հարցերին, որոնց ծանոթ չեն, տեղեկացնելու ենք»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե չկա՞ շտաբ, որը կհամակարգի այդ հարցերը, պատասխանեց. «Պետք է շտաբ ստեղծվի մարզում, և պետք է բոլոր համայնքներում ստեղծվեն շտաբներ: Երկուշաբթի օրվանից ակտիվ աշխատանքներ կսկսենք անել: Համակարգված կաշխատենք, որ մարդկանց տեղեկացնենք` ինչ են սահմանադրական բարեփոխումները»: