Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիայի կենտրոնի 75-ամյա աշխատակից Սվետլանա Գևորգյանն արդեն երեք ամիս է՝ ո’չ թոշակ է ստանում, ո’չ աշխատավարձ: Ամիսներ տևած քաշքշուկից և կատարած վճարումներից հետո կինը, վստահ լինելով, որ աշխատավարձի վրայից կալանքը հանվել է, երեկ ստուգել է աշխատավարձի քարտը և պարզել, որ 58 հազար պարտք ունի:
Տիկին Սվետան Yerkir.am–ի խմբագրություն եկավ փաստաթղթերի տրցակով, մանրամասն նկարագրում էր, թե երբ ինչքան է վճարել, ներկայացնում էր իր կատարած վճարների և ԴԱՀԿ-ի ներկայացրած թվերի անհամապատասխանությունը:
Սվետլանա Գևորգյանի կարգավիճակում գտնվող քաղաքացիների շատ կարելի է հանդիպել Հալաբյան 41 հասցեում: Այս հասցեում գտնվող՝ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հետ առնչված քաղաքացիները գիտեն՝ ինչ ասել է հայտնվել այս կառույցում և դիմանալ անվերջանալի հերթերին, թղթաբանությանն ու տարատեսակ այլ քաշքշուկներին:
Մեզ դիմած կինը պատմում է, որ իրեն ամիսներ շարունակ «չլել են»՝ ԴԱՀԿ-ից ուղարկել են «փոսի ԳԱԻ» , այնտեղից՝ ճանապարհային ոստիկանություն, որտեղից էլ՝ կրկին ԴԱՀԿ: Երեք ամիս է, ինչ կալանք է դրված թոշակառու կնոջ աշխատավարձի և թոշակի վրա: Պատճառը նրա անունով գրանցված՝ որդու մեքենայի վերաբերյալ մի քանի վարչական ակտեր չվճարելն է:
«2014-ին մի քանի ակտեր վճարել ենք, մնացել էր 6 ակտ, որոնց վճարները հուլիսին ճանապարհային ոստիկանությունում կատարել եմ, բայց ԴԱՀԿ-ում այդ գումարներն ավելի են գրվել, հիմա էլ վարույթի գումար են ուզում չտեղակացված ակտերի համար, որոնց վերաբերյալ ինձ որևէ ծանուցում չի եկել: Ես մանրակրկիտ հաշվարկներ եմ արել, արդյունքում՝ վարույթի գումարներն ու մայր գումարը միասին կազմել են 249 հազար դրամ, իսկ ԴԱՀԿ-ում, չգիտես՝ ինչպես, այդ գումարը դարձել է 281 հազար՝ չհաշված աշխատավարձիցս պահված մինուս 58 հազարը: Թե այդ գումարները որտեղի՞ց հայտնվեցին, չգիտեմ»,- ասաց նա և հավելեց. «Փաստորեն, ես այս ամիս ո’չ աշխատավարձ կարող եմ ստանալ, ո’չ թոշակ»:
Սվետլանա Գևորգյանի խոսքով՝ իր բախտը գոնե բերել է, որ կրթված է և քիչ թե շատ գլուխ է հանում ԴԱՀԿ-ի թղթաբանությունից: «Բա էն ջահել գյուղացի տղաներն ի՞նչ ասեն, որ գալիս են ԴԱՀԿ, գլուխ չեն հանում: Եես տեսնում եմ՝ ոնց են էդ ջահելները տանջվում, բոլորը բողոքավոր են: Ուրիշ՝ բան մուծած չլինեի, տանջեին, առանց դատարանի վճռի ինչպե՞ս կարելի է մարդու աշխատավարձի ու թոշակի վրա կալանք դնել ու ստեղից–ընդեղ չլել»,- վրդովված ասաց կինը:
Yerkir.am-ը հիշյալ քաղաքացու բարձրացրած խնդիրների վերաբերյալ պատրաստ է լսել նաև ԴԱՀԿ ծառայության տեսակետը: