Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Ղրղզստանում։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ անելիքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը փաստել են, որ երկկողմ հարաբերություններում արձանագրվում է դինամիկ աճ, և պետք է շարունակել ակտիվ աշխատանքը հայ-ռուսական դաշնակցային կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։
ՌԴ կառավարության նախագահը ողջունել է Հայաստանի հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում և նշել, որ երկկողմ հարաբերություններում վերընթաց զարգացում կա, ինչի մասին է վկայում տարբեր մակարդակներում բարձրաստիճան պաշտոնական հանդիպումների և շփումների հաճախականությունը՝ թե՛ երկրների ղեկավարների, թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական ձևաչափերով։
ՀՀ վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ընթացքը և գոհունակությամբ խոսել, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտում արձանագրված առաջընթացի մասին. 2019 թ. առաջին 6 ամիսների արդյունքներով Հայաստան այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 19 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը 2019 թ. առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 12.8 տոկոսով։ Վարչապետ Փաշինյանը նաև գոհունակությամբ նշել է, որ Վերին Լարսում ծագող հարցերի լուծման օպերատիվ մեխանիզմն արդյունավետ գործում է։ Երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ-ի ամբողջ ներուժի լիարժեք օգտագործումը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև վերջին շրջանում հայաստանյան և ռուսաստանյան ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի շուրջ: