կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 11:33
Հասարակություն

Հակառակորդի ակտիվության նպատակը «ադրբեջանական աշուն» չթույլատրելն է. Դավիթ Բաբայան

Հակառակորդի ակտիվության նպատակը «ադրբեջանական աշուն» չթույլատրելն է. Դավիթ Բաբայան

Երկու օր է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, կան վիրավորներ թե\' զինծառայողների, թե\' խաղաղ բնակիչների շրջանում: Սահմանային լարվածության մասին Yerkir.am-ի հետ զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ես, ընդհանրապես, կարծում եմ, և այդպես էլ կա, որ հակառակորդը չի տարբերակում Հայաստանի ու Արցախի սահմանները: Այս պահի դրությամբ` ավելի լարված են Հայաստանի սահմաները: Սա մենք դիտարկում ենք որպես ոտնձգություն հայոց պետության, հայոց պետականության դեմ: Եվ կապ չունի` Արցախի հատվածում է, Տավուշի հատվածում է, թե` Նախիջևանի: Հակառակորդը դիմում է սադրիչ գործողությունների, դա նրա ապրելակերպն է: Եվ չես կարող առանձնացնել մեկ կոնկրետ հատված ու ասել, թե այդ պահին է նա ակտիվանում»,- ասաց մեր զրուցակիցը:

Թեև հակառակորդը սադրանքների է դիմում թե\' սովորական, թե\' Արցախի ու Հայաստանի համար կարևոր օրերին, այնուամենայնիվ, Դավիթ Բաբայանի խոսքով, կան որոշ հանգամանքներ, որոնք փոքր-ինչ ավելի ակտիվ են դարձնում հակառակորդին: Դրանից առաջինը, ըստ նրա, այն է, որ Ադրբեջանում ընտրությունների տարի է:

«Այս տարի ընտրություններ կլինեն Ադրբեջանում, և ըստ երևույթին, այնտեղ ներքին վիճակը շատ լուրջ է: Հետապնդում են մարդու իրավունքների պաշտպաններին, ներքաղաքական ահավոր իրավիճակ է այնտեղ` ձերբակալություններ: Հատկապես արաբական գարուններից հետո, բոլորը հասկանում են, որ հնարավոր է մի փոքր առիթ, և իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Իսկ դա կարող է բերել, այսպես կոչված, «ադրբեջանական աշունի», որը կարող է ավելի վատ վերջաբան ունենալ, քան արաբական գարունները: Դրա համար փորձ է կատարվում շեղել հանրության ուշադրությունը:

Հասկանու՞մ եք` Ադրբեջանում իշխող կլանը շահագրգռված է, որ ադրբեջանական բանակը տա կորուստներ, որովհետև այս կորուստների ներքո նա հանրությանը լարում է արտաքին թշնամու դեմ: Իսկ հանրությունը չի մտածում, որ իշխող կլանը թալանում է սեփական ժողովրդին, և որ անհրաժեշտ է ձերբազատվել այդ քաղցկեղային իրավիճակից: Եվ քանի որ այնտեղ ակտիվորեն իրանակացվող հայատյացությունն ու ֆաշիզմը դարձել են պետական գաղափարախոսություն, դրանով շեղում են իրենց հանրության ուշադրությունը ընտրություններից ու ներքին խնդիրներից և այսպիսի քայլերի են դիմում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը ցանկացած իր կորուստի դեպքում աղմկոտ թաղումներ է կազմակերպում, ճառեր են ասվում, դա էլ է քարոզարշավի սարսափելի ձև, որով իշխող կլանը փորձում է շահել հանրության ձայները` թույլ չտալով, որ այդ ձայներն ուղղվեն իր դեմ: