Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամեձ մի քանի գյուղեր, մասնավորապես կրակ է բացել Այգեպար և Չինարի գյուղերի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով երկու ժամկետային զինծառայողների: Ադրբեջանական կողմի տարիների վարքագծից պարզ է դառնում, որ նրանք ակտիվանում են Հայաստանի ու Արցախի համար կարևոր օրերին: Այսօր Արցախի հանրապետությունը նշում է իր անկախության օրը: Թեև այս գիշեր Արցախի սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն Հայաստանի սահմանին շատ լարված է եղել:
Yerkir.am-ի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին այս գիշեր հակառակորդի ակտիվացումը կարող է կապ ունենալ Արցախի Հանրապետության անկախության օրվա հետ, ասաց. «Անպայման կապ ունի, ամեն ինչ կապ ունի: Նրանք չեն դիտարկում Հայաստանն ու Արցախը որպես առանձին ճակատներ: Մենք էլ սա պետք է լավ հասկանանք: Նրանք հրադադարի ռեժիմը խախտում են թե Հայաստանի, թե Արցախի սահմանի ողջ երկայնքով, որպես հայության դեմ մեկ ընդհանուր քաղաքականության դրսևորում»:
Բաբայանը վստահեցրեց, որ այս պահին սահմանին իրավիճակը վերահսկելի է, իհարկե, հակառակորդը մշտապես խախտումներ է անում, իրենց վարվելակերպին բոլորը ծանոթ են, սակայն հայ զինվորները պատրաստ են պատասխանելու:
ԼՂՀ մամուլի խոսնակը շնորհավորեց Արցախի Հանրապետության անկախության տոնը, և խոսելով Արցախի ապագայի մասին ասաց. «Արցախի ապագան կապված է ողջ հայության ապագայի հետ, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի հետ: Ես ուզում եմ, որ մենք լինենք միշտ միասնական և միշտ հավատանք մեր սեփական ուժերին` ամրապնդելով մեր պետությունը և բանակը: Դրանից բարձր առաքելություն և նպատակ մենք չունենք»: