կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 17:13
Տնտեսական

Հայաստանը կարող է դառնալ ''առանձնահատուկագույն'' երկիր. ՀԲ ներկայացուցիչ

Հայաստանը կարող է դառնալ ''առանձնահատուկագույն'' երկիր. ՀԲ ներկայացուցիչ

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին չկարողացավ մտաբերել մի երկիր, որը անդամակցի ինչ-որ տնտեսական կամ մաքսային միության` չունենալով դրա հետ ցամաքային սահման: Այսօր լրագրողների հարցին` գիտի՞ արդյոք աշխարհում մեկ այլ նման երկիր, նա երկար մտածելուց հետո պատասխանեց` Իռլանդիան: Բայց լրագրողների դիտարկմանը, թե Իռլանդիան ծովային սահմաններ ունի, արձագանքեց. «Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունը: Հայաստանն էլ կլինի այս առումով «առանձնահատուկագույն» երկիր»:

 

Ինչ վերաբերում է հարցին, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի մաքսային տարիֆները կբարձրանան, եւ այդ պարագայում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունն ու գնահատականներն ինչպիսի՞ն կլինեն, Քերալին պատասխանեց, որ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու բանակցություններում այս հարցը եւս Հայաստանի կողմից պետք է բարձրացվի: Նրա համոզմամբ` հենց այն հանգամանքը, որ Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, այդ բանակցություններում Հայաստանի դիրքերը կուժեղացնեն, եւ Հայաստանը կարող է ազդել նաեւ Մաքսային միությանն անդամակցության պայմանների վրա:

 

«Դեռեւս վստահ չենք, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մաքսային տարիֆները կբարձրանան: Մաքսային միությունում կան երկրներ, որոնք ունեն բարձր մաքսային տարիֆներ, եւ միգուցե նրանք կիջեցնեն իրենց տարիֆները. Հայաստանը դեռ պետք է բանակցություններ վարի Մաքսային միության հետ, այդ թվում` նաեւ մաքսային տարիֆների հարցի շուրջ»,- նշեց Հենրի Քերալին:

 

Բոլոր դեպքերում նա համարում է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, ինքն է որոշում, թե որ երկրների հետ ինչպիսի հարաբերություններ կառուցի: Իսկ Համաշխարհային բանկն ի գիտություն է ընդունում այդ որոշումն ու շարունակում աջակցել Հայաստանին ինստիտուցիոնալ զարգացման, բյուջետային ֆինանսավորման, աղքատության կրճատման եւ այլ հարցերում, օգնում է  բարձրացնել տնտեսության մասնավոր հատվածում մրցակցային հարաբերությունների մակարդակը:

 

«Հայաստանի կառավարության հետ սեպտեմբերի 3-ից հետո կայացած քննարկումների ժամանակ կառավարությունը մեզ հավաստիացրեց, որ շահագրգռված է մրցակցային միջավայրի բարելավման հարցերում, եւ մենք աջակցելու ենք կառավարությանն այդ հարցերում»,- նշեց ՀԲ տարածաշրջանային տնօրենը: