կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-04 20:44
Տնտեսական

Արագածոտնի մարզում 2750 հեկտար ավելի հող է մշակվել նախորդ տարվա համեմատ

Արագածոտնի մարզում 2750 հեկտար ավելի հող է մշակվել նախորդ տարվա համեմատ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, Սերգո Կարապետյանն այցելել է Բազմաղբյուր համայնքում գործող «Վարգա ֆուդ» ՍՊԸ, այնուհետեւ  Կարբիում հիմնադրված «Կարբի ֆրուտ» ընկերություն:

Այցի ընթացքում նախարարն այցելել է նաեւ Կարբիի խնձորի այգիներ, որտեղ այգետերերը հավաստիացրել են, որ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի առատ բերք են ակնկալում:

Այնուհետեւ նախարարն ուղեւորվել է Հնաբերդ համայնք, որտեղ հիմնվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որին անդամակցում է 151 ֆերմեր:

Ողջունելով այս նախաձեռնությունը` նախարարը նշել է, որ ծրագրի շրջանակում այստեղ նախատեսվում է կառուցել շուրջ 10.5 կմ ջրարբիացման համակարգ եւ տեղադրել 2 խմոց, շուրջ 150 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Նշենք, որ CARMAC ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզի 12 համայնքներում:

«Մարզում այս տարի բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել, միայն 2350 հեկտարով ավելացել են հացահատիկի ցանքատարածությունները, ընդհանուր առմամբ շուրջ 2750 հեկտար ավելի հող է մշակել նախորդ տարվա համեմատ, բերքատվությունը բավականին բարձր է»,-  ամփոփելով այցի արդյունքները` լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Կարապետյանը:

Այցի ավարտին նախարարը եղել է նաեւ համայնքի ցորենի ցանքատարածություններում, որտեղ բերքահավաքի աշխատանքներ էին իրականացվում: Գյուղացիների հավաստմամբ` անգամ անջրդի տարածքում ակնկալում են շուրջ 33 ց/ հա բերք ստանալ: