Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության անարդյունավետությանը: Ըստ նրա` պետք չէ կենտրոնանալ հատկապես ռուսական ընկերությունների վրա:
«Ջրամատակարարում իրականացնող ընկերությունը ֆրանսիական է, և մենք հիացած չենք նրա աշխատանքով: Ռուսական և այլ ընկերությունների հետ հարաբերությունները կարգավորելը պետության խնդիրն է: Դուր գալու քաղաքականությունները պետք է թողնել մի կողմ, կամ էլ կունենանք համատեղ մեղադրանքների մի ամբողջ շղթա»,- ասաց Այվազյանը:
Նա շեշտեց այն հանգամանքը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները չեն կարող բողոքարկվել անգամ դատարանում:
Այվազյանի կարծիքով`հասարակական շարժումը, որը բողոքում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, արդարացված է: ՀՀԿ-ականը նշեց նաև` երբ բողոքն այդպիսի մեծ թափ ստացավ, ՀՀ նախագահն արձագանքեց այդ անվստահությանը և հստակ ասաց, որ իրեն մասնագետներն ասել են` հոսանքի գինն արդարացված է, բայց քանի որ հասարակության մեջ կա լրջագույն անվստահություն, և հասարակության մեծ զանգված ասում է` թալան է եղել, նախագահն ասաց այն, ինչ ասաց:
«Նախագահը հայտարարեց, որ առայժմ սառեցվում է գործընթացը, և կառավարությունը փոխհատուցում է ծախսերը: Նա ասաց`եթե թալանել են, թող թալանչիներին պատժեն: Եթե կազմակերպության ապաշնորհության պատճառով է, եկեք ազգայնացենք այդ կազմակերպությունը»,- նշեց Այվազյանը և համոզմունք հայտնեց, որ նախագահի առաջարկած տարբերակը լավագույնն է այս պարագայում:
Ըստ նրա` ինքը պատրաստ է շարքի վերջում կանգնել և թողնել, որ Հիմնադիր խորհրդարանի ուժերը, «Ոչ թալանին»-ի անդամները, կենդանի պատը մասնակցեն աուդիտի անցկացման գործընթացին:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե տվավորություն է, որ իշխանությունն այս քայլով ժամանակ է ուզում շահել, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ո՞ւմ ձեռքն է բռնած, կարող են նաև հետո փողոց դուրս գալ, ախր: Էդ ո՞ր մի երկրում կենտրոնական փողոցը կարող էր այդքան փակ մնալ: Ասենք` Շանզ Էլիզեն փակեն: Ձեր հոր Աստծուն մեռնեմ, մենակ հանգիստ եղեք»:
Հարցին` հնարավո՞ր է կասեցում լինի, քանի որ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, Այվազյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ն ասում է` հենց վաղը կարող եմ կասեցնել, բայց ո՞վ պետք է այդ փողը տա: